ԱրարատԲանկը եւ «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը ստորագրել են հուշագիր .banks.am

Հոկտեմբերի 9-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր ԱրարատԲանկի եւ «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի միջեւ։ Բանկից հայտնել են, որ գործընկերության նպատակն է Հայաստանի սահմանամերձ եւ գյուղական բնակավայրերում կրթության որակի բարձրացումը եւ հավասար հնարավորությունների ապահովումը յուրաքանչյուր երեխայի համար։Հուշագրի շրջանակում ԱրարատԲանկը ֆինանսավորում է հինգ Ուսուցիչ-առաջնորդների, որոնք դասավանդում են Վայոց ձորի, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերի դպրոցներում՝ «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» Ուսուցիչների առաջնորդության երկամյա ծրագրի շրջանակում։Այս համագործակցությունը ձեւավորվել է «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» հիմնադրամի «Ազգակերտների» ծրագրի շրջանակում, որը հնարավորություն է տալիս անհատներին եւ կազմակերպություններին դառնալ կրթական հավասարության իրական դաշնակիցներ։ Այս կերպ գործընկեր կազմակերպությունները նպաստում են որակյալ կրթության հասանելիությանը, համայնքային զարգացմանը եւ նորարարական մոտեցումների տարածմանը Հայաստանի ամենահեռավոր մարզերում։Բացի ֆինանսական աջակցությունից, «Ազգակերտների» ծրագիրը խթանում է գործընկերների եւ դպրոցական համայնքների միջեւ համատեղ արժեքների եւ նպատակների ձեւավորումը՝ ստեղծելով կրթական բարեփոխման շուրջ միասնական շարժում։ Հովանավորներին պարբերաբար տրամադրվում են իրենց գործընկեր դպրոցի մասին տեղեկություններ, լուսանկարներ եւ զեկույցներ։ Նրանց հնարավորություն է տրվում նաեւ ներգրավվել դպրոցի կյանքում այցելությունների կամ առցանց հանդիպումների միջոցով։ԱրարատԲանկի Վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը նշել է, որ բանկի համագործակցությունը կրթական եւ ազգապահպան նպատակ ունեցող կառույցների հետ պետք չէ դիտարկել միայն որպես ֆինանսական աջակցություն։ «ԱրարատԲանկը կարեւորում է հայ մարդու կերպարի ձեւավորումը, ազգային մտածելակերպը, օրինակելի հասարակության անդամներ ունենալը եւ բանկի սոցիալական ծրագրերն իրականացվում են հիմնականում այս ուղղությամբ։ «ԱրարատԲանկը «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» հիմնադրամի հետ համագործակցում է արդեն երրորդ տարին եւ ստորագրված հուշագիրը, ըստ էության, համագործակցության ավելի ընդլայնված ձեւաչափն է։ Դա նշանակում է նաեւ, որ մեր կատարած աշխատանքն այս ընթացքում եղել է շատ արդյունավետ»,- համոզված է Մհեր Անանյանը։ ԱրարատԲանկի գործադիր տնօրենի խոսքով՝ ստորագրված փաստաթղթից զատ ծրագրերն իրականացնելու միտք, հոգի ու նպատակ կա. «Հիմնադրամում ներգրավված նոր անդամները կրում են նույն արժեքները, որոնք այնքան կարեւոր են սահմանամերձ գյուղերում աշխատելիս, երեխաներին դասավանդելիս, եւ տվյալ համայնքի երեխաների նոր որակի դաստիարակությունը կարող է կախված լինել հենց ա

յդ մեկ մարդուց»:«Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Գոռ Նազարյանը նշել է, որ նման համագործակցությունները կարեւոր են «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» հիմնադրամի գաղափարական ուղղություններից մեկի՝ Ուսուցիչների առաջնորդության ծրագրի կայուն զարգացման եւ դրա ազդեցության ընդլայնման համար։ Նրա խոսքով՝ երբ բիզնես հատվածը եւ կրթական նախաձեռնությունները միավորում են ուժերը, արդյունքներն ունենում են երկարաժամկետ ազդեցություն՝ բացելով նոր հնարավորություններ երեխաների, դպրոցների եւ համայնքների առջեւ։Նա վստահություն է հայտնել, որ ԱրարատԲանկի հետ այս գործընկերությունը կնպաստի կրթական հավասարության տարածմանը եւ կուժեղացնի հիմնադրամի աշխատանքի շարունակականությունն ու ազդեցությունը Հայաստանի տարբեր համայնքներում։««Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» հիմնադրամի եւ ԱրարատԲանկի հանուն մեկ գաղափարի միասնական գործելաոճը գալիք սերնդի հանդեպ ստանձնած պատասխանատվության վառ օրինակներից է։ ԱրարատԲանկի եւ «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի միջեւ համագործակցությունը մեկնարկել է դեռ 2022 թվականին։ Համագործակցության արդյունքում Ձորագյուղի, ապա Փոքր Մասրիկի դպրոցներ գործուղվեցին ֆիզիկա առարկայի Ուսուցիչ-առաջնորդներ, իսկ նոր, ավելի ընդլայնված համագործակցության շրջանակում մաթեմատիկա եւ ինֆորմատիկա դասավանդող հինգ ուսուցիչ-առաջնորդներ գործուղվել են Վայոց Ձորի, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզեր՝ ապահովելով երեխաների կրթության իրավունքը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:



ԼՐԱՀՈՍ