Չափումների միասնականության ապահովման բնագավառում կհստակեցվեն կարգավորումները

Գործադիրը նոր կարգավորումներ է առաջարկում «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում: Առաջարկվում է ընդլայնել օրենքի կարգավորման առարկան: Կսահմանվեն պահանջների, մեծությունների, չափման միավորների, չափանմուշների, ստանդարտ նմուշների, չափման միջոցների եւ մեթոդների կիրառման ու պահպանման վերաբերյալ դրույթներ: Վերանայվել եւ ճշգրտվել են մի շարք սահմանումներ, նոր տերմիններ են ներդրվել՝ սոցիալական եւ տնտեսական նշանակություն ունեցող չափման միջոց, մասնավորպես` չափման մեթոդ, չափման ռեֆերենս մեթոդիկա, չափածրարված արտադրանք, չափագիտության խորհուրդ եւ այլն: Վերանայվել են Կառավարության լիազոր մարմնի գործառույթները՝ ընդգրկելով պետական քաղաքականության մշակում, միջազգային ուղեցույցների ներմուծում: Սահմանվել են չափիչ սարքերի եւ չափածրարված արտադրանքի նկատմամբ պահանջները, հստակեցվել են Չափագիտության ազգային մարմնի լիազորությունները: Կառավարման խորհուրդը վերաձեւակերպվել է՝ որպես ավելի թափանցիկ եւ բազմակողմանի կառավարման մարմին: Տեսչական մարմնի լիազորություններն են ընդլայնվել՝ ներառելով փաստաթղթերի ստուգման եւ տեխնիկական միջոցներով վերահսկողության գործառույթների իրականացումը, օրինակ՝ տեսանկարահանում կամ լուսանկարահանում: Օրինագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ու խոսել նաեւ բովանդակային փոփոխությունների մասին: Դրանցից մեկը վերաբերում է չափածրարավորված արտադրանքին: Օրինակ՝ նախկին կարգավորումներով տեսչական մարմինները փաթեթներով վաճառվող 0,5 կգ բրնձի կամ 700 մլ գինու չափը ստուգելու իրավունք չունեին: Օրինագծով այդ հնարավորությունը տրվում է: Հաջորդը ոչ ավտոմատ կշեռքի կիրառման մասին է: Խան
ութների կշեռքները պետք է ստուգվեն ու ստուգաչափվեն, ինչպես ԵՄ անդամ երկրներում է: Օրենքի ընդունումից հետո Կառավարության որոշում ընդունելու անհրաժեշտություն կլինի, որով գազ լցնող սարքերի ծրագրերը միանալու են պետական ծրագրին, եւ պետությունը հնարավորություն է ունենալու տեսնել՝ կա՞ միջամտություն, թե՝ ոչ: «Այժմ կա հնարավորություն, որ միջամտություն լինի, հենց բենզալցակայանում, գազալցակայանում քիչ բենզին կամ գազ լցնեն ու դրա փոխարեն շատ ցույց տան: Այդ փոփոխությունը համակարգչով ցույց է տալու պետական վերահսկողության մարմնի սարքավորման վրա»,- նշել է նախարարը: Արդյունքում՝ կբարձրանա սպառողների վստահությունը, սպառողների շահերն ավելի պաշտպանված կլինեն, չափումները կլինեն արդար ու թափանցիկ, կբարձրանա պետական վերահսկողության արդյունավետությունը, տնտեսության ու հասարակության համար կարեւոր ոլորտներում չափումների արդյունքները կլինեն ավելի վստահելի: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Ալեքսանդր Ավետիսյանը: