ՀՀ ԱԺ նախագահի ողջույնի խոսքը ՀՀ անկախության օրվան նվիրված ընդունելությանը

Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մադրիդում մասնակցել է ՀՀ անկախության օրվան նվիրված ընդունելությանը, որը կազմակերպել էր Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը: ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով: «Ձերդ գերազանցություններ, Պատվարժան հյուրեր, Տիկնայք եւ պարոնայք, Մեծ պատիվ է այսօր ձեզ հետ մասնակցել Հայաստանի Հանրապետության Ազգային տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը: Մեր Ազգային տոնը ոչ միայն Հայաստանի անկախության հռչակման տոն է, այլեւ մեր որդեգրած արժեքների՝ ազատության, տոկունության, խաղաղության եւ ժողովրդավարության հանդեպ հանձնառության վերահաստատում: Այս տարի մեր տոնակատարությունն ունի շատ կարեւոր ուղերձ: 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ Հայաստանը եւ Ադրբեջանը ստորագրեցին Հռչակագիր, որը բացում է մեր պատմության նոր էջը: Այն կարեւոր հանգրվան է մեր տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատման ճանապարհին, խաղաղություն, որին մեր ժողովուրդները վաղուց են սպասում եւ որին արժանի են: Ուրախ ենք, որ այս կարեւոր օրը նշում ենք Մադրիդում՝ մի քաղաքում, որը խորհրդանշում է մշակութային բազմազանությունը, երկխոսությունը եւ բարեկամությունը: Հայաստանի ե

ւ Իսպանիայի հարաբերությունները, հիմնված փոխադարձ հարգանքի եւ ընդհանուր ձգտումների վրա, շարունակաբար զարգանում են քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում: Մենք բարձր ենք գնահատում Իսպանիայի դերը՝ որպես գործընկեր թե՛ Եվրոպական միության շրջանակներում, թե՛ դրա սահմաններից դուրս եւ ակնկալում մեր համագործակցության հետագա խորացում: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Իսպանիայում բնակվող հայ համայնքին, որի նվիրվածության ու աշխատանքի շնորհիվ մեր երկու ժողովուրդների միջեւ ստեղծվել է կենդանի կամուրջ:     Թող այս օրը եւս մեկ առիթ հանդիսանա ավելի խորացնելու Հայաստանի եւ Իսպանիայի կապերը՝ ի շահ մեր ժողովուրդների բարօրության, խաղաղության ու բարեկեցության: Կեցցե՛ն Հայաստանի Հանրապետությունը եւ Իսպանիայի Թագավորությունը: Շնորհակալություն»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:



ԼՐԱՀՈՍ