Երեխաների պաշտպանության համակարգում բարեփոխումներ իրականացնելուն միտված օրենսդրական նախաձեռնություն

Օրենսդրական փոփոխությունների փաթեթը վերաբերում է ՀՀ-ում բնակվող շուրջ 673 հազար երեխաների, որոնց իրավունքների ներառման, պաշտպանության ոլորտում Հայաստանը վաղուց ցուցաբերել է իր վճռականությունը: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 4-ի նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Ներկայացվող նախագծերի նպատակը երեխաների պաշտպանության համակարգում բարեփոխումներ իրականացնելն է, ինչը բխում է թե՛ ՀՀ վերափոխման մինչեւ 2050 թվականի ռազմավարության չորրորդ մեգանպատակից, համաձայն որի՝ պետք է ապահովվի պետական ամբողջական եւ լիարժեք հոգածություն երեխաների նկատմամբ, եւ թե՛ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսված երեխայի իրավունքների լիարժեք իրացումից: Մասնրամասն ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները՝ հիմնական զեկուցողը նշե

լ է, որ երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում ավելացվում է համայնքների դերը՝ հստակ սահմանելով լիազորություններ, որոնք իրականացվելու են երեխայի պաշտպանության ոլորտում հատուկ մասնագիտացված, վերապատրաստված սոցիալական աշխատողի միջոցով՝ որպես պետության կողմից պատվիրակված լիազորություն: Ներդրվելու է նոր տեղեկատվական համակարգ, ինչը համայնքային մակարդակում կունենա մեծ կարեւորություն երեխայի պաշտպանության դեպքի վարման, երեխային կարիքային ծառայությունների տրամադրման, աշխատանքների պլանավորման, մշտադիտարկման, հաշվետվողականության ու թափանցիկության ապահովման համար: Հարակից զեկուցող, ԱԺ պատգամավոր Տիգրան Պարսիլյանը, ընդգծելով երեխայի լսված լինելու իրավունքի ապահովման անհրաժեշտությունը, երեխայի շահի հստակ ձեւակերպումը, առաջարկել է կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը: Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Հանձնաժողովը որոշել է «Երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում շրջանառվող օրենսդրական նախագծերի էությունը. Երեխաների իրավունքների պաշտպանության պետական վերաբերելի քաղաքականությունը» թեմայով սեպտեմբերի 22-ին հրավիրել խորհրդարանական լսումներ:



ԼՐԱՀՈՍ