Փաշինյան. «Խաղաղության խաչմերուկը» կառավարելու համար քննարկվում է «որեւէ ընկերության ստեղծում» .banks.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնաբանել է Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող ճանապարհը արտաքին կառավարմանը հանձնելու լուրը: «Հայաստանը շահագրգռված է, որ տրանսպորտային հաղորդակցությունները բացվեն: Մենք այդ գործընթացը պատկերացնում ենք ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու իրավազորության շրջանակում։ Ինչ վերաբերում է արտապատվիրակմանը, հենց այսօր ՀՀ–ում արտապատվիրակման շատ հայտնի դեպքեր կան. օրինակ, «Զվարթնոց» օդանավակայնի, ջրային համակարգի կառավարումը արտապատվիրակված է։ Նախկինում ունեցել ենք փորձ «Հայփոստի» արտապատվիրակման։ Հայաստանի երկաթուղիների կառավարումը արտապատվիրակված է։ Այստեղ նրբությունն այն է, որ բոլոր այդ համակարգերը շարունակում են մնալ Հայաստանի սեփականությունը։ Սա շատ կարեւոր է արձանագրել»,- ասուլիսի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:Նա նշել է, որ ներկայում քննարկվում է որեւէ ընկերության ստեղծում, որը «կներգրավի ներդրումներ, քանի որ «Խաղաղության խաչմերուկը» ահռելի ներդրումային ներուժ ունի».«Որոշակի գործոններով մենք պետք է կարողանանք կոնսոլիդացնել այդ հետաքրքրությունները։ Մենք ա
վելի շատ խոսում ենք ավտոճանապարհի ու երկաթուղու մասին, բայց կարող է խոսք լինել նաեւ խողովակաշարերի, էլեկտրահաղորդագծերի, հեռահաղորդակցության մալուխների մասին։ Սա մի տնտեսություն է, որը պետք է ստեղծվի ու կառավարվի։ Դա պետք է եւ կարող է լինել Հայաստանի սեփականությունը։ Խոսքն այստեղ այդ տնտեսությունը կառավարելու եւ դրա շրջանակում որոշակի գործառույթներ իրականացնելու մասին է։Բացի այդ, նաեւ վարձակալության մասին է խոսվում։ Քննարկվում է նաեւ հողի վարձակալության թեման։ Մեր օրենսդրությամբ դա կոչվում է կառուցապատման իրավունք եւ այդ իրավունքով տրվող ներդրումները այդ պայմանագրի լրանալուց հետո դառնում են Հայաստանի սեփականությունը»,- մանրամասնել է Նիկոլ Փաշինյանը: