ԱԺ խմբակցությունները հայտնել են իրենց դիրքորոշումները գալիք տարվա պետական բյուջեի նախագծի վերաբերյալ

Նոյեմբերի 14-ին խորհրդարանում շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը: Պետության գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ իրենց հակադիր դիրքորոշումներն են հայտնել ԱԺ խմբակցությունները: «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների՝ նախորդիվ ունեցած ելույթներին, քննադատել իշխանությունների գործունեությունը տարբեր ոլորտներում՝ այն որակելով ձախողված:
Պատգամավորը քննադատաբար անդրադարձել է նաեւ վարվող արտաքին քաղաքականությանը: Ելույթ ունենալով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հակադարձել է Արթուր Խաչատրյանի դիտարկումներին, ներկայացրել մի շարք հակափաստարկներ: «Ես իհարկե, բյուջեի մասին միայն քաղաքական անդրադարձ կատարեցի մեր ընդդիմության քաղաքական թեզերին:
Վստահաբար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ է այս բյուջեին: Մենք պաշտպանում ենք եւ կողմ ենք քվեարկելու բյուջեի նախագծին»,-ավարտելով ելույթը՝ ասել է Հայկ Կոնջորյանը: Նշվել է, որ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քվեարկությունն իրականացվելու է ԱԺ հաջորդ հերթական նիստերի ընթացքում: