Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության հարկաբյուջետային քաղաքականությունն ու հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները
2024թ. համաշխարհային տնտեսությունում եւ ՀՀ հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճը շարունակել է մնալ դրական տիրույթում: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների՝ հունիսի 4-ի համատեղ նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջետային եկամուտների ձեւավորումը, հարկային եւ մաքսային քաղաքականությունը, ծախսերն ու պակասուրդը: Հիմնական զեկուցողի ներկայացմամբ հարկաբյուջետային քաղաքականության նպատակներն են եղել տնտեսական աճի ներուժի բարձրացումը, պարտքի կայունության ամրապնդումը, անվտանգային համակարգի ամրապնդումը եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների համապարփակ բավարարումը: 2024 թ. հարկաբյուջետային քաղաքականությունն իրականացվել է արտաբյուջետային կանոնների առավել մեղմ սահմանափակման պայմաններում, քանի որ Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը ցածր է գտնվել 50 տոկոս շեմից: 2024թ. հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 23,6 տոկոս՝ որոշակի նվազում ունենալով նախորդ տարվա նկատմամբ: Ըստ հաշվետվության՝ 2024 թ. գրանցվել է 5,9 տոկոս տնտեսական աճ: Հաշվետու տարում ապրանքների արտահանումը ՀՀ-ում աճել է 53.1 տոկոսով, իսկ հայկական ծագման ապրանքների արտահանումը՝ 18,6 տոկոսով: ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է շուրջ 2 մլն 208 հազար մարդ՝ նախորդ տարվա համեմատ նվազելով շուրջ 4,7 տոկոսով կամ 108 հազար մարդով, որը հիմնականում պայմանավորվել է ՀՀ այցելած ՌԴ զբոսաշրջիկների թվի նվազմամբ: 2024թ. գործազրկության մակարդակը նախորդ տարվա նկատմամբ աճել է 1.5 տոկոսային կետով՝ կազմելով 13.9 տոկոս: Միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նկատմամբ աճել է 6.4 տոկոսով` կազմելով 287 հազար 172 դրամ: 2024թ. պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 579 մլրդ դրամ՝ ապահովելով 95.8 տոկոս կատարողական, իսկ ծախսերը` 2 տրիլիոն 955 մլրդ դրամ: Դեֆիցիտը կազմել է 376 մլրդ դրամ: 2024թ. պետական բյուջեի պակասուրդը կազմել է 376,1 մլրդ դրամ: Պակասուրդի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 3.7 տոկոս՝ կանխատեսված 4.6 տոկոս դիմաց: 2024 թ. ֆինանսների նախարարության ծախսը, ըստ նախարար Վահե
Հովհաննիսյանի, կազմել է 319,7 մլրդ դրամ՝ ապահովելով 90.1 տոկոս կատարողական: Իրականացվել է 4 ծրագիր, 16 միջոցառում: Հաշվետու տարում կառույցն իրականացրել է 3 մլրդ 58 մլն դրամի գնումներ: Ֆինանսների նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ քննարկմանը ներկայացված տարեկան հաշվետվության ցուցանիշերի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել կառույցի կողմից ձեռնարկված համակարգային քայլերին՝ կանխատեսումներն առավել ճշգրիտ ներկայացնելու համար: