🎥 «Կորիզ-ֆիզմաթ» մաթեմատիկական համադպրոցական մրցույթը՝ աշակերտներին մոտիվացնելու լավագույն միջոց .banks.am

Աշակերտների շրջանում մաթեմատիկական մտածողությունը զարգացնելու, սովորելու մոտիվացիան բարձրացնելու նպատակով այս տարի տեխնոլոգիական ոլորտի առաջատար «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերության աջակցությամբ «Կորիզ կրթական ծրագիր»-ը եւ Երեւանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը Հայաստանում իրականացրել են մինչ օրս ամենալայնամասշտաբ «Կորիզ-ֆիզմաթ» մաթեմատիկական համադպրոցական մրցույթը։Մրցույթի առաջին փուլը, որն անցկացվել է առցանց, տեղի է ունեցել ապրիլին, երկրորդ փուլն առկա տարբերակով՝ մայիսի 31-ին։««ԹԵԼ-ՍԵԼ»-ն իր ամբողջ պատմության ընթացքում կարեւորել է կրթության դերը թե՛ բիզնեսում, թե՛ պետության զարգացման գործում։ Հնարավորությունը, որը մեզ ընձեռեց «Կորիզ» մրցույթը, որպեսզի մենք լինենք գործընկեր ու աջակցենք մրցույթի կայացմանը, մեզ համար առաջին հերթին մեծ պատիվ էր, ինչու չէ փոքրիկ, բայց գործուն քայլ էր դեպի այն, որ կրթությունը, հատկապես ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական ուղղվածությունները մեր երկրում լինեն ավելի հարգի, ժամանակակից, ավելի լայն հնարավորություններ տան ապագա սերնդին»,-նշել է «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը։Նրա խոսքով՝ մրցույթը ճանապարհ է, որի ընթացքում դպրոցականները ստուգում եւ հարստացնում են իրենց գիտելիքները.«Այս կրթությունը ստանալուց, գիտելիքները յուրացնելուց հետո երեխաներն այդ ամենը կկիրառեն մեր երկրում, մեր պետության տարբեր ոլորտներում, կունենան մեծ հաջողություն ապագա կարիերայում։ Առաջին կորիզն է, որը հիմա դնում ենք, որ հետագայում ծառն ու ծառի պտուղները քաղենք»,- ասել է նա՝ չբացառելով, որ «Կորիզ»-ի հետ համագործակցությունը կարող է շարունակական լինել։«Կորիզ կրթական շարժման» հիմնադիր Սուրեն Ալոյանի խոսքով՝ մրցույթն ունի երկու հիմնական առաքելություն՝ մեծարել ուսուցչին եւ խրախուսել աշակերտի սովորելու մղումը։ Շատ ոգեւորված են, քանի որ մասնակիցների թիվը տարեցտարի աճում է։ «Սա պարզապես մրցույթ չէ, սա սեր եւ արմատացում է դեպի ֆիզիկամաթեմատիկական առարկաները։ 21-րդ դարում առանց մաթեմատիկայի, առանց ֆիզիկայի պարզապես անհնար կլինի։ Այսօր ամբողջ աշխարհը գնում է դեպի արհեստական բանականություն, եւ մաթեմատիկա, ֆիզիկա առարկաները կարծես դարձել են ամեն ինչի կորիզը, հիմքը։ Հենց այդ նպատակով էլ փորձեցինք շատ ավելի մեծ տարածում տալ այս մրցույթին եւ սեր հաղորդել աշակերտներին»,-ասել է «Կորիզ կրթական շարժման» հիմնադիր Սուրեն Ալոյանը։Մրցույթի առցանց փուլին մասնակցել է միջնակարգ դպրոցների երրորդից 12-րդ դասարանի, ինչպես նաեւ քոլեջների ավելի քան 7000 աշակերտ եւ ուսանող Երեւանից, Հայաստանի տարբեր մարզերից։ Երկրորդ փուլ է անցել հարյուր աշակերտ։ Յուրաքանչյուր դասարանից տասը լավագույն մասնակից պայքարում է տարբեր մրցանակների եւ Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց արտոնյալ պայմաններով ընդունվելու համար։«Եթե «Կորիզ»-ի շրջանակում աշակերտը կարողանում է հայտնվել լավագույն եռյակում, առանց քննության, միայն հարցազրույցով կարողանում է ընդունվել Ֆիզմաթ դպրոց։ «ԹԵԼ-ՍԵԼ»-ը նախատեսել է մրցանակներ բոլոր աշակերտների համար։ Առաջին, երկրորդ, երրորդ հորիզոնականները զբաղեցրած աշակերտներին կտրվեն նոթբուքներ, պլանշետներ, բազմաթիվ խրախուսական մրցանակներ»,- նշել է Սուրեն Ալոյանը։Առցանց փուլում մասնակիցներն իրենց տարիքային խմբին համապատասխան հարցաշարեր են լրացրել, կարեւորվել են ճիշտ պատասխաններն ու արագությունը, իսկ երկրորդ փուլում կարեւոր է միայն ճիշտ պատասխանը։ Աշակերտներին տրվում է 90 րոպե թեստերը լրացնելու համար։ Եթե պարզվի, որ լավագույն եռյակներ ձեւավորած աշակերտների մեջ կան այնպիսիք, որ ունեն հավասար միավորներ, կանցկացվի նաեւ բլից փուլ։Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը, որը 2023-ին ճանաչվել է աշխարհի տասը լավագու

յն դպրոցներից մեկը, սիրով է հյուրընկալել մրցույթը։ Դպրոցի տնօրինությունը կարեւորում է մրցույթի անցկացումը, քանի որ հնարավորություն է ունենում ամբողջ Հայաստանից գտնել լավագույն աշակերտների, որոնք իրենց կրթությունը կարող են շարունակել կրթահամալիրում։ «Ցանկացած ոլորտում մաթեմատիկայի դերը շատ մեծ է, եւ այն սերը, որ պետք է երեխաների մոտ առաջացնենք մաթեմատիկայի հանդեպ, շատ կարեւոր է։ Թեկուզ իրավաբանական կրթություն ստացող երեխաները, եթե լավ են տիրապետում մաթեմատիկային, նշանակում է՝ կարող են ավելի լավ մասնագետներ դառնալ ցանկացած ոլորտում»,- ասել է ԵՊՀ առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն Արման Սարգսյանը։««Կորիզ-ֆիզմաթ» մաթեմատիկական համադպրոցական մրցույթն անցկացվում է «Կրթությունը կորիզն է երկրի» կարգախոսով, քանի որ մրցույթի նախաձեռնողներն ու աջակիցները հավատացած են՝ ամեն ինչի սկիզբը կրթությունն է։ Զարգացած պետություն, քաղաքակիրթ քաղաքացիներ ունենալու համար առաջին հերթին պետք է մեծ ուշադրություն դարձնել կրթությանը»,- ասվում է հաղորդագրությունում:Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա շոու-մրցանակաբաշխությանը, որը կանցկացվի հոկտեմբերի 5-ին։ «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
