Մամուլի ասուլիսում Հայկ Սարգսյանը ներկայացրել է պարտադիր զինվորական ծառայության համակարգի բարեփոխումներին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունը
Շրջանառության մեջ է դրվել մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուն միտված օրենքների նախագծերի փաթեթ, որի հիմնական նպատակներն են զորակոչվողների թվի ավելացումը, զինծառայության գրավչության բարձրացումը, արտագաղթի կանխարգելումը, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի կրճատումը, զորակոչից խուսափելու դեմ կանխարգելիչ մեխանիզմների ներդրումը, ծառայությունից խուսափելու նպատակով բժշկական փորձաքննությունից հրաժարվելու դեպքերի քրեականացումը. այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը՝ մայիսի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասնելով իր հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը: Ներկայացնելով ոլորտում առկա իրավիճակն ու խնդիրները՝ պատգամավորը նշել է, որ վերլուծելով վերջին քսան տարիների զինծառայողների, զորակոչի ներկայացած, զորակոչից տարկետում ստացած, զորակոչից ազատված եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների թվերը՝ պարզ է դառնում, որ վերջնարդյունքում միայն 30-40 տոկոսն է զորակոչվում ծառայության: Նա նշել է, որ ծառայության ժամկետի երկար տեւողության, տարածաշրջանային անվտանգային միջավայրով եւ մի շարք այլ գործոններով պայմանավորված մեծ թվով քաղաքացիներ խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից մի շարք ճանապարհներով: Մասնավորապես, մինչեւ 18 տարեկան դառնալը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից. 2020-2024 թվականների ընթացքում արական սեռի մինչեւ 18 տարեկան 8721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից: Հայկ Սարգսյանի խոսքով Հայաստանից մեկնում են բուժման, ուսման կամ այլ նպատակով եւ մինչեւ 27 կամ 37 տարին լրանալը չեն վերադառնում: 2010-2024 թվականների ընթացքում ՔՕ 461-րդ (զորակոչից խուսափելու) հոդվածով հարուցված քրեական գործերից 2500 գործ կարճվել է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Այսինքն՝ շուրջ 2500 քաղաքացի չի ծառայել եւ որեւէ պատասխանատվության չի ենթարկվել, քանի որ լրացած է եղել 37 տարին: Պատգամավորը նշել է, որ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստացածների եւ ծառայությունից ազատվածների թվի ավելի քան 80 տոկոսն են կազմում առողջական խնդիրներով պայմանավորված ազատվածներն ու տարկետում ստացածները: «Առաջարկվող փոփոխությունների մի մասը խստացնող է, եւ միտված է բարդացնելու ու սահմանափակելու ծառայությունից խուսափելու առկա ճանապարհները: Մյուս մասը խրախուսող է, միտված է բարձրացնելու ծառայության գրավչությունը»,- ասել է Հայկ Սարգսյանը՝ մանրամասն ներկայացնելով խստացնող եւ խրախուսող կարգավորումները: Մասնավորապես, առաջարկվում է Կառավարության գործող որոշումներում կատարել փոփոխություններ եւ որոշ առողջական խնդիրների դեպքում զորակոչել սահմանափակումով պարտադիր զինվորական ծառայության: Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքն առաջարկվում է 27-ից դարձնել 37: Մինչեւ 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար բազային հիմքն առաջարկվում է դարձնել 15 միլիոն դրամ: Ըստ առաջարկվող օրենսդրական նախաձեռնության՝ ժամկետային զինծառայողները կարող են ընտրել հետեւյալ երեք տարբերակներից որեւէ մեկը՝ ծառայել 24 ամիս եւ ստանալ բարձր դր
ամական ապահովություն, ծառայել 6 ամիս եւ պետբյուջե վճարել 15 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս եւ պետբյուջե վճարել 20 միլիոն դրամ: Պատգամավորը պատասխանել է լրագրողների հարցերին: