2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում նշվել է Քաղաքացու օրը

Հայաստանի 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա են եղել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը: «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով միջոցառումների շարքի շրջանակում երիտասարդների մասնակցությամբ անցկացվել է էքսպո-ցուցահանդես: Բարձրաստիճան հյուրերը շրջայց են կատարել, ծանոթացել ներկայացված աշխատանքներին, ցուցանմուշներին և արտադրանքին, զրուցել էքսպոյի մասնակիցների հետ: էքսպո-ցուցահանդեսին ներկայացվել են Ապարան համայնքի կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքները, քաղաքացիական կրթության, ՔՀԿ ներկայացուցիչների տաղավարները,

ինչպես նաև երիտասարդ ձեռներեցները, զբոսաշրջային ծառայություններ մատուցող անհատներն ու կազմակերպությունները։ Ցուցադրությունն ուղեկցվել է վարպետաց և մասնակցային դասերի անցկացմամբ: Քաղաքացու օրվա միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Դանիել Դանիելյանը, ԱԺ պատգամավորներ, հանրային և քաղաքական գործիչներ։ Հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Ապարանում երիտասարդների համար հանդես են եկել բանախոսություններով:



ԼՐԱՀՈՍ