Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահ Հարիվանշ Նարայան Սինգհի հետ: Կողմերը քննարկել են հայ-հնդկական միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հակոբ Արշակյանը կարեւորել է երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները՝ նշելով, որ դրանք հիմնված են դարավոր պատմության եւ փոխադարձ հարգանքի վրա: Բարձր գնահատելով երկու խորհրդարանների միջեւ արդյունավետ փոխգործակցությունը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է Ազգային ժողովում իր ղեկավարությամբ գործող Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը: Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահ Հարիվանշ Նարայան Սինգհը կարեւորել է Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ հարաբերությունների զարգացումը՝ նշելով Հնդկ
աստան-Հայաստան բարեկամական խմբի ձեւավորմանն ուղղված քայլերի առանձնահատուկ դերը խորհրդարանական կապերն էլ ավելի ամրապնդելու եւ նոր հեռանկարների ստեղծման հարցում: Հարիվանշ Նարայան Սինգհը մեծապես կարեւորել է 2024 թվականին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հնդկաստան՝ ընդգծելով փոխայցերի նշանակությունը հարաբերությունների զարգացման գործում: Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Հնդկաստանի պատվիրակության անդամներն իրենց աջակցությունն են հայտնել նախագծի առթիվ՝ շեշտելով, որ Հնդկաստանը սատարում է խաղաղության օրակարգին: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է բարեկամ Հնդկաստանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմամբ, եւ տարբեր ոլորտներում առկա է մեծ ներուժ: Հակոբ Արշակյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան: