Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի պատվիրակության ղեկավարի հետ
Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի պատվիրակության ղեկավար Սեկի Յոշիհիրոյի հետ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը շեշտել է, որ Ճապոնիան Հայաստանի կարեւոր գործընկերներից է, եւ Հայաստանը շահագրգռված է բազմաբեւեռ համագործակցության խորացմամբ` այդ շրջանակում դիտարկելով նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացումը: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է տնտեսական համագործակցությունը, անդրադարձել JAPAN 2025 ցուցահանդեսին, «Օսակա ԷՔՍՊՈ»-ին ՀՀ մասնակցությանը, որը նոր հնարավորություն կստեղծի գործարար կապերի ամրապնդման համար: ԱԺ փոխխոսնակն ուրախությամբ փաստել է, որ Ճապոնիայում հունիսի մեկին պաշտոնապես կբացվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը` վստա
հություն հայտնելով, որ այն կծառայի ճապոնացի հազարավոր պատանիների վերապատրաստմանն ու նոր շունչ կհաղորդի երկու երկրների միջեւ համագործակցությանը կրթության ոլորտում: Սեկի Յոշիհիրոն կարեւորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումն ու պատրաստակամություն հայտնել աջակցելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին օգնություն տրամադրելու հարցում: Հակոբ Արշակյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային հարցերի, հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ եւ հանդիպման ավարտին գործընկերոջը հրավիրել Հայաստան: ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը: