Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության փոխնախագահ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիի հետ
Տաշքենդում ապրիլի 5-9-ն անցկացվող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պատվիրակության ղեկավար, Միջխորհրդարանական միության փոխնախագահ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիի հետ: ԱԺ փոխնախագահը նշել է, որ ԱՄԷ-ն Հայաստանի կարեւոր եւ վստահելի գործընկերներից է: Հակոբ Արշակյանը կարեւորել է օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության զարգացումը եւ ընդգծել, որ խորհրդարանական տարբեր ձեւաչափով հարթակները հնարավորություն են ընձեռում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր քննարկել: Հակոբ Արշակյանը գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում իրադրությունը՝ կարեւորելով տարածաշրջանում խ
աղաղության հաստատումը եւ վերահաստատելով Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիին իր աջակցությունն է հայտնել Հայաստանի՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին եւ ընդգծել գլոբալ անկայունության պայմաններում կառուցողական քայլերի անհրաժեշտությունը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահը գործընկերոջը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ շեշտելով, որ ենթակառուցվածքների ապաշրջափակումն իր ազդեցությունն է ունենալու ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ դրանից դուրս: Պատվիրակության կազմում են Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը: