Քննարկվել են հայ-գերմանական համագործակցության ծրագրերը մշակույթի ոլորտում
Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Հալլե քաղաքում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Մշակույթի հիմնադրամի ղեկավարների և ստեղծագործական կազմի ներկայացուցիչների հետ։ Գերմանիայի Դաշնային Մշակույթի հիմնադրամի գործադիր խորհրդի անդամ Լուց Նիցշեն և «WAYS» ծրագրի համաղեկավար Քորա Հեգվալդը ներկայացրել են իրենց գործունեությունը, կառուցվածքը` նախանշելով
համանման հայաստանյան կառույցների հետ համագործակցության հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից նախորդ տարի ստեղծված Մշակույթի զարգացման հիմնադրամի մոդելը` ընդգծելով, որ կառույցը ստեղծվել է թանգարանային ոլորտում միասնական կառավարման մոդել ներդնելու և այդպիսով թանգարանների զարգացմանը նպաստելու նպատակով։ Քննարկման ընթացքում կարևորվել է Հայաստան-Գերմանիա մշակութային կապերի զարգացումը: Այս համատեքստում առաջարկվել է դիտարկել փոխանակման համատեղ ծրագրերի իրականացումը, որոնք հայ և գերմանացի մասնագետներին հնարավորություն կտան որոշ ժամանակով աշխատելու մշակութային համապատասխան կառույցներում: