Վերապատրաստման դասընթացի հրավեր` սփյուռքի հայկական կրթօջախներում դասավանդողների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդողների՝ 2025 թվականի վերապատրաստման ծրագրի հայտերի ընդունման մասին: Ծրագիրը կիրականացվի հուլիսի 1-27-ը: Վերապատրաստման դասընթացներն անցկացվելու են Հայաստանում՝ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված մեկամսյա ծրագրերով` հետևյալ 7 ուղղությամբ. • Ուսուցում մանկապարտեզում • Ուսուցում մեկօրյա դպրոցում • Ուսուցում տարրական դպրոցում • Հայոց լեզվի և գրականության դասավանդում • Հայոց պատմության և մշակույթի պատմություն • Երգ ու պար • Տնօրենների վերապատրաստում Վերապատրաստման դասընթացները նախատեսված են սփյուռքի հայկական և հայկական բաղադրիչով պետական և ոչ պետական վարժարանների, դպրոցների, մանկապարտեզների, լրացուցիչ կրթություն իրականացնող հաստատությունների մեկօրյա կրթօջախների, մշակութային կենտրոնների և այլ հաստատությունների դասավանդողների համար: Դասընթացներն ավարտած ուսուցիչները կստանան ՀՀ ԿԳՄՍ նախարարության վկայագրեր: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է 2025 թվականի ապրիլի 1-ից մայիսի 1-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել ուսուցչի կողմից լրացված և կրթօջախի տնօրինության կողմից վավերացված հայտը: Մասնակցության պաշտոնական հաստատումներն ուսուցիչները կստանան իրենց էլեկտրոնային հասցեներին հայտը ներկայացնելուց հետո՝ մինչև հունիսի 13-ն ընկած ժամանակահատվածում: Մասնակիցների համար նախատեսվում են նաև հանդիպումներ, ճանաչողական-ուսուցողական շրջայցեր և մշակութային ծրագիր: Ծրագրի ընթացքում դասընթացների կազմակերպման, ուսուցիչների կեցության, թանգարանային այցելությունների և շրջագայության ծախսերը, ծրագրի բացման օրվանից մինչև փակման օրը, ապահովում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը՝ ներառյալ օդանավակայանից մինչև հյուրատուն, և Հայաստան մուտքի արտոնագրի (վիզա), բժշկական ճանապարհորդական ապահովագրության ծախսե
րը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները, կրթօջախները, բարերարները: Վերապատրաստման սկիզբը համարվում է հուլիսի 1-ը: Ծրագրի ժամանակացույց. հուլիսի 1-մուտք կացարան և տեղավորում հուլիսի 2-ծրագրի պաշտոնական բացում հուլիսի 3-25-վերապատրաստման դասընթաց հուլիսի 26-ծրագրի պաշտոնական փակում և վկայականների հանձնում հուլիսի 27-հյուրատնից ելքի օր Ավելի վաղ ժամանելու կամ ուշ մեկնելու դեպքում կեցության ծախսերը հոգում են մասնակիցները: Հյուրանոցի սենյակները նախատեսված են 2-3 հոգու համար: Երկրից և աշխատավայրից բացակայությունը հիմնավորելու համար պաշտոնական հրավերի անհրաժեշտության դեպքում խնդրում ենք տեղեկացնել նախապես: Հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնից. հեռ.՝ +374 10 59-96-47 (ծրագրի համակարգող՝ Ալվինա Էլոյան, էլփոստ` alvina.eloyan@escs.am հեռ` +374 98 24-01-40 (WhatsApp, Viber):