Կկարգավորվեն եւ կսահմանվեն նախադպրոցական, հանրակրթական, արտադպրոցական ոլորտի գործունեության իրավական, կազմակերպչական, նաեւ արտադպրոցական կրթության ֆինանսական հիմքերը

Նախագծի նպատակն է օրենքով կարգավորել եւ սահմանել նախադպրոցական, հանրակրթական, արտադպրոցական ոլորտի գործունեության իրավական, կազմակերպչական, ինչպես նաեւ  արտադպրոցական կրթության ֆինանսական հիմքերը: Այս մասին ասել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ մարտի 18-ին գումարված ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացնելով ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները: Փոխնախարարը, անդրադառնալով օրինագծում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությանը, նշել է, որ երեխաների կրթության եւ դաստիարակության գործընթացում մտահոգիչ է արտադպրոցական կրթության ոլորտում ներկայում առկա ոչ միասնական մոտեցումների կիրառումը: Նրա խոսքով արտադպրոցական ուսումնական  հաստատությունների ցանցը ձեւավորվել է դեռեւս խորհրդային իշխանության տարիներին, սակայն առ այսօր որեւէ իրավական ակտով սահմանված չէ արտադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական եւ վարչատնտեսական աշխատողների ա

նվանացանկն ու դրանց նկարագիրը, իսկ մանկավարժների եւ վարչատնտեսական աշխատողների ոչ միայն մասնագիտական պատրաստվածությամբ, այլեւ գործառույթների հստակ սահմանմամբ է պայմանավորված, թե ինչպիսի կարողունակություններով պետք է օժտված լինի անձը: Ներկայում գործող ֆինանսավորման բանաձեւը հնարավորություն չի տալիս գործընթացն իրականացնել միանման սկզբունքով, եւ այս ոլորտում չի ապահովում տեղական, մարզային,  պետական մարմինների, ինչպես նաեւ միջգերատեսչական պատշաճ համագործակցությունը, պետական բյուջեից ֆինանսավորվող  ծրագրերի թափանցիկության ապահովումը: Օրենքի նախագծով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել այն հիմնական դրույթները, նպատակները, խնդիրներն ու զարգացման ուղիները, որոնք համընդհանուր են արտադպրոցական կրթության ոլորտում նոր որակական նախադրյալներ ստեղծելու հիմքում, նպաստել  մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, ֆինանսական միասնական մոտեցում ցուցաբերել՝ նոր մեխանիզմների ներդրմամբ: Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:



ԼՐԱՀՈՍ