Քննարկվել են 2024 թ. արտաքին ոլորտում իրականացված միջոցառումներն ու ծրագրերը

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել պայմանագրի ստորագրման ժամկետների եւ վայրի վերաբերյալ: Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնության ձեռքբերումը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ եւ հույս են հայտնել, որ պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ: Այս մասին նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի` մարտի 14-ին հրավիրված նիստում` նախքան ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացումը: «Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված համաձայնագրի տեքստում որեւէ դրույթ չկա` այսպես կոչված միջանցքի մասին»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Ընդհանրապես, ապաշրջափակման մեխանիզմների մասին որեւէ բան համաձայնագրի տեքստում չկա»,- ընդգծել է նախարարը` հավելելով, որ կա երկկողմ պատրաստակամություն համագործակցելու տարբեր ոլորտներում, այդ թվում` տրանսպորտային, տրանզիտ հարցերում: «Մեր մոտեցումն ապաշրջափակմանը շատ լավ հայտնի է, եւ փոփոխություններ չի կրել: Մենք ներկայացրել ենք այդ մոտեցումը»,- ասել է Արարատ Միրզոյանը: Նախարարի խոսքով հայկական կողմը կառուցողական, երկուստեք ընդունելի առաջարկ է ներկայացրել ադրբեջանական կողմին: «Այդ առաջարկը հետեւյալն է` նախ ապաշրջափակել երկաթուղիները, հնարավորություն տալ երկու երկրներին օգտվել միմյանց երկաթուղային ցանցերից: Ինչպես ամբողջ աշխարհը, մենք եւս կարծում ենք, որ կարող ենք որոշակիորեն պարզեցնել սահմանազատման գործընթացը` ապահովելու բեռների ավելի սահուն ընթացք: Բայց ինչպես նախկինում, վաղն էլ մեզ համար անբեկանելի ընկալում եւ պայման է, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք կապաշրջափակվեն, մնալու են եւ գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքում գտնվում են: Ավելի պարզ եւ ուղիղ ասեմ` ՀՀ բոլոր երկաթուղիները, բոլոր ճանապարհները, ենթակառուցվածքները մնալու եւ գործելու են ՀՀ ինքնիշխանության ներքո ու օրենսդրությանը համապատասխան»,- մանրամասնել է նախարարը: Անդրադառնալով փախստականների վերադարձի մասին մտահոգություններին` Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում չկա որեւէ դրույթ այն մասին, որ մինչեւ Խորհրդային միության փլուզումը երկու երկրների տարածքներում բնակեցված եւ այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տներ կամ այն տարածքներ, որտեղ իրենց նախնիներն ապրել են: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի` արտաքին քաղաքականությանը եւ անվտանգությանը վերաբերող դրույթները: Նա  նշել է, որ 2024 թվականը վերջին 20 տարվա ամենախաղաղ եւ կայուն տարին է եղել Հայաստանի արտաքին սահմանների համար, որը պայմանավորված է տարածաշրջանային եւ միջազգային ակտիվ քաղաքականությամբ: «Կառավարության վարած արտաքին քաղաքականության նպատակը ՀՀ  անկախությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը պահպանելն ու ամրապնդելն է: Այս նպատակի իրագործման համար Կառավարությունը որդեգրել է բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն, որն արտահայտվում է նաեւ տարածաշրջանային քաղաքականության ոլորտում` խնդիր ունենալով ախտորոշել Հայաստանի նկատմամբ տարածաշրջանում առկա բացասական եւ ագրեսիվ դրսեւորումները, կառավարել, ապա եւ տարածաշրջանային մտածված քաղաքականության շնորհիվ նվազեցնել ու երկարաժամկետ հեռանկարում զրոյացնել դրանք»,- ասել է նախարարը: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ վերոնշյալ խնդրի իրագործման համար, ինչպես նախկինում, շարունակում է առանցքային մնալ վարվող քաղաքականությունների լեգիտիմությունը միջազգային իրավունքի եւ կարգի տեսանկյունից: Անդրադառնալով արտաքին քաղաքականության եւ անվտանգային ոլորտի 2024 թվականի առանցքային իրադարձություններին` Արտաքին գործերի նախարարն առանձնացրել է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը, որը երկու երկրների անկախության պատմության մեջ տեղի է ունեցել առաջին անգամ: Օգոստոսին ստորագրել եւ երկու երկրները ներպետական ընթացակարգերով հաստատել են «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը, ինչը երկու երկրների միջեւ սահմանազատման գործընթացը դնում է ինստիտուցիոնալ հենքի վրա: Նախարարի տեղեկացմամբ 2024 թվականին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի 2, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի, երկու երկրների միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների 5, արտաքին գործերի նախարարների 5 հանդիպում: Անդրադառնալով վարվող դիվանագիտական աշխատանքին` Արարատ Միրզոյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաստատվել է ակտիվ երկխոսություն: Նրա տեղեկացմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ տեղի է ունեցել 1 պաշտոնական հանդիպում: Երկու երկրների ԱԳ նախարարները հանդիպել են երկու անգամ եւ ունեցել 2 հեռախոսազրույց: Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի Մարգարա-Ալիջան անցակետում տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի 6 հատուկ ներկայացուցիչների հինգերորդ հանդ

իպումը: Նախորդ տարի, ըստ Արարատ Միրզոյանի, շարունակվել է սերտ համագործակցությունն Իրանի հետ: 2024 թվականի արդյունքներով Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է շուրջ 737,4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար` 2023 թվականի համեմատ աճելով 6,5 տոկոսով: 2024 թվականի արդյունքներով Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է շուրջ 333,6 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար` 2023 թվականի համեմատ աճելով 27,1 տոկոսով: Թբիլիսիում կայացած Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի շրջանակում երկու երկրների վարչապետները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին» համատեղ հռչակագիրը: 2024 թվականի ընթացքում շարունակվել է Ռուսաստանի Դաշնության հետ բարձրագույն եւ բարձր մակարդակներով երկխոսությունը: Տեղի են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 2 հանդիպում եւ 2 հեռախոսազրույց: Հայաստանը եւ Ռուսաստանն ակտիվ գործակցել են ԵԱՏՄ եւ ԱՊՀ շրջանակներում: 2024 թվականի ընթացքում շարունակվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական երկխոսության ու գործընկերության ամրապնդումն ու ընդլայնումը: Ներկայացվել են նաեւ մի շարք այլ երկրների հետ մեր երկրի դիվանագիտական հարաբերությունների օրակարգը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակում իրականացված աշխատանքները: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են խաղաղության պայմանագրին: Պատգամավորներն իրենց ելույթներում խոսել են համաձայնեցված փաստաթղթի վերաբերյալ այս օրերին հնչող իրարամերժ տեսակետների մասին: Անդրադարձ է եղել ընդդիմության այն վարկածին, թե իշխանությունն անվերջ ամեն ինչ զիջում է: «Հարց է ծագում` արդյո՞ք առանց դիտավորության են շրջանցում այն փաստը, որ եթե Հայաստանն ամեն ինչ անվերջ զիջելիս լիներ, մենք արդեն կորցրած կլինեինք Հայաստան-Իրան սահմանը: Համոզված եմ, որ սա պատահաբար շրջանցվող հանգամանք չէ: Հայաստանն ապաշրջափակման վերաբերյալ ունի կառուցողական դիրքորոշում, բայց անզիջում է Ադրբեջանի պահանջները բավարարելու հարցում, իսկ այդ պահանջներն արտատարածքային միջանցքն է եւ ոչ միայն Ադրբեջանի: Այստեղ է թաքնված ձեր անկարողությունը լինելու Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կողքին` այս հարցում անզիջում լինելու առումով»,- նման կարծիք է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը: «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանն էլ պնդել է, որ հիմնական հարցերի մասով այդ փաստաթղթում անդրադարձ չկա` գերիներ, զորքերի դուրս բերում, սահմանների հստակեցում: Պատգամավորները մտքեր են փոխանակվել Բաքվում պահվող մեր հայրենակիցների հետագա ճակատագրի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքների վերաբերյալ: Կարեւորվել է սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի հաջող իրականացումը, որը մատնանշվել է որպես տարածաշրջանում կայունության եւ խաղաղության երաշխիքներից մեկը: Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները համոզված են` Հայաստանի Հանրապետությունը ջանքեր է գործադրում հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց վերադարձի ուղղությամբ: Ըստ հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի` խաղաղության համաձայնագիրը կարեւոր նախադրյալ է ինստիտուցիոնալ խաղաղություն ունենալու եւ տարածաշրջանային կայունությանը նպաստելու համար: Հայաստանի արտաքին գերատեսչության նախորդ տարվա աշխատանքը գնահատելով` հանձնաժողովի նախագահն այդ շարքում հիշատակել է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության հայեցակարգը, Վրաստանի հետ ռազմավարական հարաբերությունների հաստատումը, Թուրքիայի հետ քաղաքական երկխոսության մակարդակի բարձրացումը, ԵԱՏՄ-ում նախագահության ստանձնումը, Իրանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների աճը եւ այլն: Զեկույցը հանձնաժողովում ընդունվել է ի գիտություն:



ԼՐԱՀՈՍ