Առաջարկվում է եւս 3 տարի մասնավոր ընկերությունների կողմից թողարկվող արժեթղթերից ստացվող եկամուտներն ազատել եկամտային հարկից

2020 թվականին մեր պատգամավոր գործընկերների՝ Արտակ Մանուկյանի եւ Վարազդատ Կարապետյանի հետ օրենսդրական նախաձեռնություն մշակեցինք եւ մասնավոր ընկերությունների կողմից թողարկվող արժեթղթերից ստացվող եկամուտներն ազատեցինք եկամտային հարկից, ինչպես պետական պարտատոմսերի դեպքում է: Նպատակը կապիտալի շուկան զարգացնելն ու խթանելն էր: Արտոնությունն ընդունվել էր ժամանակավոր՝ 4 տարի ժամկետով, որը լրացել է 2024 թվականի դեկտեմբերի 31-ին: Այս մասին ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը՝ ԱԺ մարտի 5-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-82-Ն հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխու
թյուն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Փաթեթի հեղինակն առաջարկել է եւս 3 տարի մասնավոր ընկերությունների կողմից թողարկվող արժեթղթերից ստացվող եկամուտներն ազատել եկամտային հարկից: Բաբկեն Թունյանը հայտնել է, որ թողարկվող արժեթղթերի ծավալը վերոնշյալ 4 տարի ժամանակահատվածում բազմապատկվել է: Արժեթղթերի ծավալն այդ ընթացքում ոչ թե տոկոսներով է աճել, այլ անգամներով: Այսինքն` սահմանված արտոնությունը եւս դեր է կատարել: Պատգամավորը նաեւ հայտնել է, որ առաջարկվող փոփոխությունը նախատեսվում է տարածել 2025 թվականի հունվարի 1-ից թողարկվող արժեթղթերի վրա: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Կարեւորելով օրենսդրական նախաձեռնությունը` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը: