ԱԶԲ-ն ամփոփել է 2024-ը. ՀՀ ֆինանսական շուկան ամրապնդելու համար բանկը տրամադրել է €89.47 մլն .banks.am

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) ամփոփել է 2024 թվականին Հայաստանում իրականացրած ծրագրերը:2024 թվականին ԱԶԲ-ն շարունակաբար աջակցել է մի շարք կարեւոր ծրագրերի եւ նախագծերի՝ իրականացրելով ենթակառուցվածքների զարգացման ընթացիկ եւ նոր նախաձեռնություններ: Որպես Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի Կլիմայական բանկ՝ ԱԶԲ-ն առաջնահերթություն է տալիս կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրներին: ԱԶԲ-ն կազմակերպել է կլիմայի վերաբերյալ վերապատրաստումներ առանցքային լրատվամիջոցների համար եւ ռազմավարական երկխոսություն վարել կլիմայական խնդիրների շուրջ Հայաստանի կառավարության հետ: ԱԶԲ զեկույցում նշվում է, որ 2024-ի հիմնական ձեռքբերումներից են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Թալին-Լանջիկ Տրանշ 3-րդ հատվածի (18.7 կմ) ավարտը։ Բացի այդ, ԱԶԲ-ն հաստատել է €236 մլն վարկ՝ Սյունիքի մարզում ճանապարհի նոր հատվածի կառուցումը ֆինանսավորելու համար: «Դիմակայուն եւ Ներառական Ճանապարհային Հատվածի Բարելավման Ծրագիրը» կկառուցի 27,1 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատված Սիսիան-Քաջարան ճանապարհի միջանցքի հյուսիսային հատվածում, ինչպես նաեւ 16 կամուրջ եւ երեք թունել՝ ապահովության բարձրացման եւ ուղեւորության ժամանակը 90 րոպեով կրճատելու նպատակով։«Սեյսմիկ Անվտանգության Բարելավման Ծրագրի» շնորհիվ բացվել է երկու դպրոց՝ նախատեսված մոտ 1000 աշակերտի համար։ Այս դպրոցները ոչ միայն համապատասխանում են սեյսմիկ անվտանգության չափանիշներին, այլեւ բավարարում են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները եւ ընդգրկում են էներգաարդյունավետ լուծումներ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ավարտել 46 դպրոցի կառուցում, որոնցից 18-ն արդեն շահագործման է հանձնվել։2024թ. նոյեմբերին ԱԶԲ-ն հաստատել է €89.47 մլն վարկ՝ որպես «Հայաստանի Ֆիսկալ Կայունության եւ Ֆինանսական Շուկաների Զարգացման Ծրագրի» երկրորդ ենթածրագիր։ Այս նախաձեռնությունը, որն իրականացվում է Ֆրանսիական Զարգացման Գործակալության հետ համագործակցությամբ, նպատակ ունի ուժեղացնել Հայաստանի ֆինանսական կառավարման համակարգը եւ ամրապնդել երկրի ֆինանսական շուկաները։ Այս բարեփոխումները համապատասխան են Հայաստանի ազգային ռազմավարությանը՝ կառավարման բարելավման, տնտեսական կայունության ամրապնդման եւ կլիմայական նախաձեռնությունների խթանման գործում:«ԱԶԲ-ն նաեւ հանձնառու է նպաստել մարդկային ներուժի զարգացմանը Հայաստանում, որի շրջանակում էլ տրամադրել է €45.31 մլն արդյունքահեն վարկ, որը նպատակ ունի բարելավել առողջապահական ծառայությունները «Առողջապահության Որակի Բարելավման Ծրագրի» միջոցով։ Այս ծրագրի շրջանակում նախատեսվում է թարմացնել 24 բուժհաստատություն՝ դարձնելով դրանք ներառական, կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայուն եւ գենդերազգայուն։ Ծրագիրը կամրապնդի նաեւ բարձրորակ առողջապահական ծառայությունների մատուցման կարողությունները եւ կնպաստի մշտադիտարկման եւ հաշվետվողականության բարելավմանը: Ծրագրի իրականացմանը կաջակցի Ճապոնիայի կառավարությունը՝ տրամադրելով $2 մլն դրամաշնորհ «Բարգավաճ եւ Դիմակայուն Ասիայի եւ Խաղաղ Օվկիանոսի Ճապոնիայի Հիմնադրամ»-ի միջոցներից։ 2024-2028 թթ. ընթացքում իրականացվող այս ծրագիրը համընկնում է Հայաստանի առողջապահական ոլորտի բարեփոխումների առաջնահերթությունների հետ:ԱԶԲ-ն աջակցել է մասնավոր ոլորտի զարգացմանը՝ կիրառելով տարբեր գործիքներ եւ գործի դնելով մի շարք նախաձեռնություններ, որոնք խթանում են ներդրումային հնարավորություններ, տնտեսական աճ եւ ն
պաստում աղքատության նվազեցմանը: Այս աջակցությունը ընդգրկում է քաղաքականության բարեփոխումներ, մասնավոր ոլորտի ուղղակի ֆինանսավորում եւ խորհրդատվական ծառայություններ՝ երկրում մասնավոր ոլորտի միջավայրի բարելավման համար: ԱԶԲ-ի վերջին նախագծերը ներառում են Հայաստանում քամու էներգիայի կենսունակության գնահատումը, Հայաստանում «կանաչ» ֆինանսավորման խթանումը՝ աջակցելով ֆինանսական հաստատություններին «կանաչ» վարկավորման պրակտիկայի ընդլայնման գործում, ինչպես նաեւ իրականացվել է Հայաստանի տվյալների կենտրոնի շուկայի հետազոտություն՝ հասկանալու դրա առանձնահատկություններն ու կարիքները: ԱԶԲ-ն նաեւ աջակցել է Հայաստանի մասնավոր ոլորտին` ներդնելով $18,5 մլն «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի առաջին կայուն զարգացման պարտատոմսում, որը $75 մլն թողարկման մաս է կազմում: Այս ներդրումը կօգնի ընդլայնել թվային ենթակառուցվածքները եւ աջակցել Հայաստանի կլիմայական եւ տնտեսական նպատակներին: Սա համընկնում է երկրի հանձնառությանը, որը ուղղված է մինչեւ 2030 թվականը 40%-ով նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները։ 2023 թվականին էթնիկ հայերի լայնածավալ տեղահանությունից հետո ստեղծված արտակարգ իրավիճակին արձագանքելով՝ ԱԶԲ-ն տրամադրել է $1.25 մլն՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը: Այս օգնությունն ուղղված էր անհապաղ եւ երկարաժամկետ կարիքների բավարարմանը՝ ներառելով հետեւյալ միջոցառումները. տեղահանված հաշմանդամ անձանց համար օժանդակ սարքավորումների ձեռքբերում եւ տեղադրում, հաշմանդամության էլեկտրոնային հարթակի մշակում՝ ֆունկցիոնալությունը գնահատելու ու ծառայությունների մատուցումը բարելավելու նպատակով եւ տեղահանված բնակչության եւ նրանց գույքային իրավունքների միասնական վարչական ռեգիստրի ստեղծման աջակցություն»,- ասվում է զեկույցում:ԱԶԲ-ն կանանց միջազգային ամսվա շրջանակում անցկացրել է «Գենդերային համաչափ քաղաքային զարգացման» աշխատաժողով պետական ներկայացուցիչների համար եւ կանանց ներուժի հզորացման դասընթացներ իր աշխատակիցների համար՝ ընդգծելով ԱԶԲ-ի հանձնառությունը՝ որպես գենդերային հավասարության աջակցող հաստատություն: Ողջ տարվա ընթացքում ԱԶԲ-ի եւ Հայաստանի կառավարության միջեւ տեղի են ունեցել բարձր մակարդակի հանդիպումներ, քննարկումներ եւ վերապատրաստման դասընթացներ: Այս միջոցառումները նպատակ են ունեցել ընդլայնել համագործակցությունը, գնահատել ծրագրերի արդյունավետությունը եւ աջակցել Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին։2024 թվականին ԱԶԲ-ն շարունակել է աջակցել եւ նախաձեռնել նոր ծրագրեր, որոնք նպաստում են գիտելիքահեն որոշումների կայացմանն ու նորարարության խթանմանը՝ ներգրավելով տարբեր տեխնիկական աջակցության միջոցներ: Այս նախաձեռնությունները նպատակ ունեն բարելավել կլիմայական տվյալների վրա հիմնված հարկաբյուջետային քաղաքականությունը, խթանել կայուն քաղաքային պլանավորումը եւ աջակցել համակցված ու դիմակայուն ջրային կառավարմանը։ «ԱԶԲ-ն հավատարիմ է մնացել կլիմայական մարտահրավերներին դիմակայելու Հայաստանի կարողությունների հզորացման օրակարգին՝ տվյալահեն եւ հեռանկարային քաղաքականության աջակցման միջոցով: Տեխնիկական աջակցության (ՏԱ) շրջանակում ԱԶԲ-ն օժանդակել է առողջապահական հաստատությունների համար կլիմայապես պատասխանատու ծրագրի մշակմանը՝ բարելավելու ապագա առողջապահական ծառայությունները եւ ենթակառուցվածքները: Այս աջակցությունը ներառում է նաեւ նոր տեխնոլոգիաների ստեղծում, ինչպիսիք են հաշմանդամության էլեկտրոնային համակարգը եւ առողջապահական աշխատուժի տեղեկատվական համակարգը: Որպես գիտելիահեն կառույց, ԱԶԲ-ն բազմաթիվ աշխատաժողովներ եւ վերապատրաստման դասընթացներ է անցկացրել Հայաստանի տարբեր նախարարությունների, այդ թվում՝ ֆինանսների, Կրթության եւ գիտության, Առողջապահության, Արդարադատության, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի, Երեւանի քաղաքապետարանի եւ Կադաստրի կոմիտեի համար: Այս վերապատրաստման դասընթացների ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք թեմաների, ինչպիսիք են՝ կլիմայական փոփոխություններ, աղետի ռիսկերի կառավարում, ճանապարհային անվտանգություն, սեյսմիկ անվտանգություն, առողջություն եւ անվտանգություն, հաշմանդամություն եւ սոցիալական պաշտպանություն, ինչպես նաեւ տեղեկատվության եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գնահատում։ԱԶԲ-ն հավատարիմ է Հայաստանի բարգավաճ, ներառական, դիմակայուն եւ կայուն զարգացմանը՝ շարունակելով սերտ համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ՝ երկրի առաջնահերթությունների իրագործման համար»,- ասվում է ԱԶԲ զեկույցում: