Խորհրդարանը քննարկել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը

Սահմանադրությամբ նախատեսված իրավունքի իրացմամբ ձեւավորվել է նախաձեռնող խումբ, որը հանդես է եկել օրենքի նախագծի քաղաքացիական նախաձեռնությամբ: Այս մասին ասել է նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը` փետրվարի 11-ին Ազգային ժողովի հերթական նիստում քննարկման ներկայացնելով «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Զեկուցողի տեղեկացմամբ նախաձեռնող խումբը մեկ ամսում հավաքել է ավելի քան 60 հազար քաղաքացու ստորագրություն Հայաստանի 44 խոշորացված համայնքներից եւ Երեւանի վարչական շրջաններից: Ստորագրությունները ստուգվել են ԿԸՀ-ի կողմից. դրանք վավերական են եղել: Նախագիծը քննարկվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում` ստանալով դրական եզրակացություն: Օրենքի նախագծում նշվում է` Հայաստանի Հանրապետությունը, արտահայտելով ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած բարեկեցիկ երկիր, հայտարարում է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը: Շարունակելով ներկայացնել նախագծի հիմնավորումները` Արտակ Զեյնալյանը նշել է` օրենքի նախագծի ընդունման նպատակն առաջադեմ, քաղաքակիրթ, զարգացած մարդկության ընտանիքին անդամակցելու: Հայաստանի ժողովրդի, նրա ներկա իշխանության կամքի, վճռականության ամրագրումն է: Ըստ նախաձեռնողների` օրենքի նախագծի ընդունումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը` ուժերի հավասարակշռության վերականգնման միջոցով, Հայաստանի ազգային անվտանգության ապահովման հնարավորությունների մեծացմանը, ազգային բանակի համապատասխանեցմանը Եվրամիության անդամ երկրների բանակների արդիական չափանիշներին: Նախաձեռնող խմբի համոզմամբ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի նաեւ մարդու իրավունքների շարունակական զարգացմանը եւ պաշտպանությանը, տնտեսական անվտանգության մեխանիզմների ստեղծմանը` գործող մենաշնորհների վերացմամբ, տնտեսության բազմազանեցմամբ, արտադրողականության եւ ապրանքների ու ծա
ռայությունների որակի բարձրացմամբ, որը հնարավոր է միայն Արեւմուտքի եւ ԵՄ-ի հետ համագործակցությամբ, ներդրումներին ու տեխնոլոգիաներին հասանելիության ապահովմամբ, արդյունաբերության վերագործարկմամբ, տնտեսության կառուցվածքի փոփոխությամբ եւ ռեալ հատվածի մասնաբաժնի մեծացմամբ, լոգիստիկ նոր կապերի ստեղծմամբ, հայկական արտադրանքը եվրոպական շուկայում մրցունակ դարձնելով: Պատգամավորները հարցեր են ուղղել զեկուցողին, որոնք վերաբերել են ԵՄ-ին անդամակցելու դեպքում ակնկալիքներին, մեր երկրում արտադրվող տարատեսակ ապրանքների համապատասխանեցմանը ԵՄ ստանդարտներին, մենաշնորհների վերացմանը, ՀՀ-ԵՄ կոմունիկացիաների զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, Երեւանում տրանսպորտի սակագնի փոփոխությանը, Հայաստանի? ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցին եւ այլն: Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ներկայացնելով օրինագծի համառոտ պատմությունն ու նախաձեռնության շարժառիթը, տեղեկացրել է, որ քննարկվող թեմայի վերաբերյալ հանձնաժողովն անցյալ տարի երկու խորհրդարանական լսումներ է կազմակերպել: Նշվել է, որ հանձնաժողովը, ինչպես նաեւ Կառավարությունը դրական եզրակացություն են տվել նախագծին: Անդրադառնալով բովանդակային որոշ բաղադրիչների` Արման Եղոյանը ներկայացրել է հաջորդական այն փուլերը, որոնք անհրաժեշտ է անցնել Հայաստանին` ԵՄ անդամակցության համար: Հանձնաժողովի նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով տնտեսական համագործակցությանը, առեւտրաշրջնառությանը: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ քննարկվող նախագիծը համահունչ է վերջին տարիների Հայաստանի եւ ԵՄ ու ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության խորացման դինամիկային, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին: Արտաքին գործերի նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը: «2022 թվականից Հայաստանում տեղակայված է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որը բազմիցս ապացուցել է, որ տարածաշրջանում կայունության հիմնասյուներից մեկն է»,- ասել է Պարույր Հովհաննիսյանը` տեղեկացնելով, որ ԵՄ խորհրդի կողմից վերջերս որոշում է կայացվել Հայաստանում երկարաձգել առաքելության ժամկետը եւս երկու տարով: Հարցի քննարկումն ընդհատվել է ելույթների փուլում: Այն կշարունակվի փետրվարի 12-ի` ԱԺ հերթական նիստում: