Աշխատանքային քննարկում կենդանիների նկատմամբ դաժանության դեպքերի պատշաճ արձանագրման, մինչդատական եւ դատական փուլերում գործերի վարման արդյունավետության ապահովման վերաբերյալ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանի եւ Արուսյակ Մանավազյանի հեղինակությամբ շրջանառության մեջ է դրվել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Հունվարի 29-ին պատգամավոր Մերի Գալստյանի նախաձեռնությամբ խորհրդարանում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում կենդանիների նկատմամբ դաժանության դեպքերի պատշաճ արձանագրման, քննության իրականացման, մինչդատական եւ դատական փուլերում գործերի վարման արդյունավետության ապահովման վերաբերյալ: Մասնակցել են ներկայացուցիչներ օրենսդիր մարմնից, ՀՀ գլխավոր դատախազությունից, ՆԳ նախարարությունից, Քննչական կոմիտեից: Մերի Գալստյանի խոսքով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի բացահայտման եւ քննության գործընթացներում խնդիրների մասին ահազանգում են թե' քաղաքացիները, թե' կենդանիների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները: Պատգամավորի դիտարկմամբ իրավապահ մարմիններն այս գործերով քննությանն առավել մեծ ուշադրություն պետք է դարձնեն, քանի որ կենդանու հանդեպ դաժանությունն ուղղակիորեն կապված է հանրային անվտագնության խնդրին: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում արձանագրվել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի 41 դեպք: 41-ից 10 դեպքերի վարույթը կարճվել է, 3 գործ ուղարկվել է դատարան, 28-ով նախաքննությունը շարունակվում է: «Արձանագրված 41 դեպքերից հասարակական հնչեղություն ունեցող Արարատի մարզում տեղի ունեցած դեպքին վերաբերող գործը: 2025 թվականի հունվարի 7-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»,- մանրամասնել է Արսեն Այվազյանը: Մասնակիցները շնորհակալություն են հայտնել քննարկում նախաձեռնելու համար` կարեւորելով հարցե
րի, խնդիրների գույքագրումը: Ընդգծելով հանրության հետ հաղորդակցության կարեւորությունը` մասնակիցները նշել են, որ քննարկվող օրենքների նախագծերի ընդունումը կորոշակիացնի իրավական դաշտը: Պատգամավոր Ջուլիետա Ազարյանն ընդգծել է դպրոցներում արշավների կազմակերպման անհրաժեշտությունն ու կենդանիների նկատմամբ վարվեցողության կանոնների ուսուցանումը: Մերի Գալստյանի դիտարկմամբ կենդանիների նկատմամբ մարդասիրական եւ քաղաքակիրթ վերաբերմունքի նոր մշակույթ է ներդրվում, ու այս առումով արժեւորել է իրազեկման արշավների կազմակերպումը: Իսկ օրենսդրական փաթեթի ընդունման եւ կիրարկման արդյունքում ակնկալվում է նվազեցնել կենդանիների նկատմամբ դաժան եւ անպատասխանատու գործողությունների քանակը եւ ունենալ իրավական մեխանիզմներ, որոնք կապահովեն կենդանիների բարեկեցությունն ու պաշտպանվածությունը: