Տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության առցանց նիստը

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան ընդառաջ՝ տեղի են ունեցել մշակույթի հարցերով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) առցանց փորձագիտական հանդիպումը և տարածաշրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության օրենսդրական շրջանակների, գույքագրման և փոխանցման վերաբերյալ աշխատաժողովը։ Հանդիպման նպատակը ՍԾՏՀԿ երկրների ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի փորձագետների՝ միջազգային երկխոսության հարթակի ձևավորումն ու համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունների քննարկումն էր: Միջոցառումը նախաձեռնել էր Հայաստանը՝ որպես 2025-2027 թթ. ՍԾՏՀԿ մշակույթի հարցերով նախագահող երկիր: Նիստում բացման խոսքով հանդես են եկել ՍԾՏՀԿ ՀՀ մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը, կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Դիմիտրիոս Ռալլիսը և գործադիր մենեջեր Սանդրա Վուժինովիչը: Նիստը վարել է ՀՀ կթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, օրակարգային թեմաների շուրջ զեկույցով հանդես է եկել
ԿԳՄՍՆ նույն վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը: Նիստի հիմնական թեմաներն էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում իրականացվող օրենսդրական կարգավորումները, գույքագրման և փոխանցման առանձնահատկությունները: Քննարկվել են մի շարք անդամ պետությունների ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրման և փոխանցման քաղաքականությունները, ազգային և տարածաշրջանային մակարդակներում գործող կարգավորումները, գույքագրման մեթոդաբանությունները, ներկայացվել են դրանց կիրառմանը վերաբերող դրական փորձն ու ոչ նյութական մշակութային ժառանգության փոխանցման ձևերը։ Միջոցառումը միտված է խթանել ՍԾՏՀ տարածաշրջանային կազմակերպության անդամ պետությունների ոչ նյութական մշակութային ժառանգության արդյունավետ պահպանությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը: