Մահվան ելքով վրաերթ կատարած տղամարդուն Չարենցավանի համայնքային ոստիկանները ձերբակալել են

Սեպտեմբերի 25-ին` ժամը 10-ին, Չարենցավանի Խանջյան փողոցում վրաերթի էր ենթարկվել 84-ամյա Բաղդասար Հ-ն, որը դիմել էր Չարենցավանի հիվանդանոց, ապա` «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ ժամը 21.20-ին մահացել է։Վրաերթից րոպեներ անց Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները արագ ճշտեցին ավտոմեքենայի մակնիշը, Չարենցավանի բնակիչ 42-ամյա տղամարդն էլ ընդունեց, որ ինքն է «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկել 84-ամյա քաղաքացուն:Կազմված փաստաթղթերը ներկայացվեցին քննչական բաժին, նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում արդեն հաջորդ առավոտյան Չարենցավանի բաժնի ծառայողները պարզեցին, որ Հունանյանին վրաերթի է ենթարկել ոչ թե 42-ամյա չարենցավանցին, այլ նրա ընկերը` փաստացի Չարենցավանում բնակվող 45-ամյա տղամարդը:Ըստ նախնական տվյալի` 42-ամյա տղամարդը մեղքն իր վրա է վերցրել, քանի որ ընկերը չուներ վարորդական իրավունք:45-ամյա ընկերը

ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, այնուհետև` տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։Նախաքննությունը շարունակվում է։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ