Եվրոպական ֆուտբոլային տոնը՝ հայ հեռուստադիտողի համար. Արմենիա TV-ն բացառիկ իրավունքով կցուցադրի Եվրո-2024-ի բոլոր հանդիպումները

Մեկ ամիս «Արմենիա» հեռուստաընկերության եթերը ֆուտբոլային է լինելու. հունիսի 14-ից հուլիսի 14-ը ցուցադրության բացառիկ իրավունքով «Արմենիա TV»-ն և Armenia Premium-ը հայ հեռուստադիտողին կներկայացնեն Եվրո-2024-ի՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության բոլոր 51 հանդիպումներն՝ ուղիղ հեռարձակմամբ: «Արմենիա TV»-ի պրոդյուսեր Ռոբերտ Մարտիրոսյանի խոսքով՝ բացի բուն ֆուտբոլային հանդիպումներից հունիսի 14-ին՝ բացման խաղից առաջ, հեռուստատեսության եթերում կլինի talk show՝ հայտնի աստղերի և մեկնաբանների մասնակցությամբ, որով կազդարարվի Եվրո-2024-ի բացումը: Նմանօրինակ հաղորդում նախատեսված է նաև հուլիսի 14-ին՝ եզրափակիչ խաղից առաջ, որի ընթացքում հայտնի հյուրերն ու մասնագետները կամփոփեն Եվրոպայի առաջնությունը, կանեն իրենց կանխատեսումները՝ Եվրոպայի ուժեղագույն թիմի վերաբերյալ: «Ընդ որում, նախատեսում ենք, որ հաղորդմանը ներկա լինեն նաև եզրափակիչ անցած թիմերի երկրպագուները: Վստահ ենք՝ ֆուտբոլային հիանալի մթնոլորտն ապահովված կլինի: Մեկ ամիս մենք ապրելու ենք ֆուտբոլով: Խաղերը մեկնարկելու են ժամը 17:00-ից: Բոլորին սպորտային, ուրախ և հագեցած եթեր ենք խոստանում»,- ասում է Ռոբերտ Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ Եվրո-2024-ի շրջանակում յուրաքանչյուր օր՝ ժամը 22:00-ին, «Արմենիա TV»-ի ուղիղ եթերում կլինի «Ֆուտբոլի ժամը» հաղորդումը, որը կվարի մարզական մեկնաբան, լրագրող Ռոբերտ Գասպարյանը: «Հյուրընկալելու ենք տարբեր փորձագետների, հայտնի հյուրերի, որոնց հետ քննարկելու ենք օրվա ֆուտբոլային հանդիպումները, սպասվող և արդեն կայացած խաղերը:

Դիտելու ենք նաև օրվա հանդիպումների գոլերի տեսանյութը»,- պատմում է Ռոբերտ Մարտիրոսյանը: Եվրոպայի 2024 թվականի առաջնության հանդիպումների ընթացքում կաշխատի 4 մեկնաբան՝ Էդուարդ Քալանթարյան, Արմեն Գարամյան, Արման Աբելյան և Էռնեստ Շաբոյան: Մինչև կիսաեզրափակիչ փուլը՝ մեկնաբանները կաշխատեն առանձին, իսկ կիսաեզրափակիչներում ու եզրափակչում՝ զույգերով: Մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը հույս է հայտնում՝ ֆուտբոլի երկրպագուները լավագույնս կվայելեն Եվրոպայի առաջնությունը: «Կարծում եմ՝ բավականին լավ կազմ ենք հավաքել ու կկարողանանք երկրպագուներին գոհացնել: Յուրաքանչյուր խոշոր մրցաշար ինքնին առանձնահատուկ է, որովհետև ոչնչով նման չի լինում նախորդներին: Տեսնում ենք նոր թիմեր ու մեզ համար նոր մարտահրավեր է՝ այդ թիմերին ներկայացնել յուրովի: Շատ բարձր տրամադրությամբ պատրաստվել ենք ու մենք ևս, հուսով եմ, կվայելենք մեր աշխատանքը Եվրո-2024-ի ընթացքում: Բոլոր ֆուտբոլասերներին հաճելի մեկ ամիս եմ մաղթում: Հուսով եմ՝ կվայելեն Եվրոպայի առաջնությունը, մենք էլ ամեն ինչ կանենք դրա համար: Բոլոր հավաքականներն արժանի են, որպեսզի իրենց խաղը դիտվի, քանի որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլերում թույլ թիմեր և թույլ հանդիպումներ չեն լինում»,- ասում է Էդուարդ Քալանթարյանը: Նրա խոսքով, խոշոր մրցաշարերը՝ անկախ նրանից Չեմպիոնների լիգա է, թե Եվրոպայի կամ աշխարհի առաջնություն, առանձնահատուկ են մեկնաբանների համար, քանի որ նմանօրինակ մրցաշարերը, թերևս, այն գագաթնակետն է, որին մեկնաբանները կարող են հասնել իրենց աշխատանքային գործունեության ընթացքում:

Էդուարդ Քալանթարյանն անդրադարձել է նաև Եվրոպայի առաջնությունից ունեցած սպասելիքներին: Մանրամասները սկզնաղբույր կայքում։