Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգ՝ Պերսեպոլիսում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն այցի շրջանակում սեպտեմբերի 6-ին Պերսեպոլիսի պատմական հուշարձան-համալիրի տարածքում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բացօթյա համերգը։ Համերգը նվիրված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին։ Աննախադեպ այս իրադարձությանը ներկա կգտնվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարը, Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Բացառիկ համերգը կյանքի է կոչվում ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Իրանում ՀՀ դեսպանության, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության, Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության, ինչպես նաև Ֆարսի նահանգապետարանի համագործակցությամբ։ Համերգի մենակատարն է հռչակավոր տենոր Լիպարիտ Ավետիսյանը, որի կատարմամբ կհնչեն Սայաթ-Նովայի «Իմ քամանչա» արիան՝ Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայից, Կոնստանտին Պե

տրոսյանի «Հայաստան» և Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի» երգերը։ Կհնչի նաև Ռուհոլլահ Խալեղիի «Ո՜վ Իրան» հայրենասիրական երգը: Երեկոն կեզրափակվի Արամ Խաչատրյանի «Սիմֆոնիա թիվ 2»-ի կատարմամբ։ Համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախորդ այցելությունն Իրանի Իսլամական Հանրապետություն եղել է 25 տարի առաջ՝ 2000 թվականի փետրվարին: Թեհրանի Վահդաթ համերգասրահում ներկայացվել է Լորիս Ճգնավորյանի «Ռոստամ և Սոհրաբ» օպերան՝ կոմպոզիտորի ղեկավարությամբ:



ԼՐԱՀՈՍ