Fitch-ը վերահաստատել է Հայաստանի վարկանիշը .banks.am

Fitch Ratings-ը վերահաստատել է Հայաստանի արտարժույթով երկարաժամկետ վարկանիշը «BB-» մակարդակում՝ «Կայուն» կանխատեսմամբ:«BB-» վարկանիշը արտացոլում է հուսալի մակրոտնտեսական քաղաքականությունը եւ տնտեսության ուժեղ աճը: Միեւնույն ժամանակ Fitch-ի փորձագետները նշում են թույլ կողմերը՝ տնտեսության փոքր չափը, բյուջետային բարձր դեֆիցիտը, ֆինանսական ոլորտի բարձր (թեեւ նվազող) դոլարիզացիան եւ աշխարհաքաղաքական ռիսկերը:Fitch Ratings-ը նշում է, որ 2025 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ի իրական աճը Հայաստանում կազմել է տարեկան 5,2%, ինչը պայմանավորված է ֆինանսական ծառայությունների եւ շինարարության ոլորտների ցուցանիշներով՝ պետական կապիտալ ներդրումների շնորհիվ: Միեւնույն ժամանակ արտադրության եւ հանքարդյունաբերության ոլորտների ցուցանիշները տարվա սկզբից նվազել են:2022-2024 թվականներին Հայաստանում միջին տարեկան աճը կազմել է 8,9%, սակայն Fitch-ի փորձագետները կանխատեսում են աճի դանդաղում՝ մինչեւ 5% 2025 թվականին եւ 4,7% 2026-2027 թվականների համար:«Ամուլսարի ոսկե հանքը, որը, հավանաբար, կսկսի գործել 2025 թվականի չորրորդ եռամսյակում, կխթանի աճը միջնաժամկետ հեռանկարում»,- նշված է զեկույցում:Fitch Ratings-ը նշում է, որ Հայաստանից 2024 թվականի մեծ ծավալի վերաարտահանումը (հիմնակա
նում ոսկի եւ գունավոր մետաղներ Ռուսաստանից ԱՄԷ) նվազել է՝ 2025 թվականի հունվար-ապրիլին արտահանումը եւ ներմուծումը նվազել են համապատասխանաբար 60%-ով եւ 50%-ով տարեկան կտրվածքով:«Խոշոր կապիտալ ծախսերը եւ պաշտպանական ներմուծման կարիքները կավելացնեն առեւտրային դեֆիցիտը, թեեւ 2026 թվականից Ամուլսարի ոսկու արտահանումը մասամբ կփոխհատուցի դա»,- նշված է զեկույցում:Ըստ զեկույցի՝ Հայաստանում դոլարիզացիան մնում է բարձր (ավանդների 47,6%-ը եւ վարկերի 32%-ը 2025 թվականի մայիսին):«2025 թվականի հունիսին Հայաստանի կառավարությունը հայտնեց պետական հեղաշրջում կազմակերպելու դավադրության բացահայտման մասին՝ ձերբակալելով եկեղեցական բարձրաստիճան ներկայացուցիչների եւ ազդեցիկ բիզնեսմենի, որի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունն այնուհետեւ ազգայնացվեց: Fitch-ի գնահատմամբ, կառավարության կայունությունը վտանգված չէ:2025 թվականի մարտին Ադրբեջանը եւ Հայաստանը հայտնել են խաղաղ համաձայնագրի ձեռքբերման մասին, թեեւ դրա բովանդակությունը եւ ստորագրման ժամկետները անորոշ են մնում: Fitch-ի գնահատմամբ, ռազմական հակամարտության վերսկսումն այս պահին քիչ հավանական է»,- նշված է զեկույցում: