«Ունեցել ենք բարեհաջող ուսումնական տարի»․ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է քոլեջների և ուսումնարանների տնօրեններին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ քննարկելու ուսումնական տարվա ամփոփման և առաջիկա ընդունելությանը վերաբերող հարցերը: «Ունեցել ենք բարեհաջող ուսումնական տարի, որակավորման քննությունների շրջանն ամփոփման փուլում է, և առջևում ընդունելության փուլն է։ Նախորդ տարվա ցուցանիշներով հիմնական դպրոցի շրջանավարտների յուրաքանչյուր երրորդը դիմել էր ՄԿՈՒ հաստատություն, ինչը շատ լավ ցուցանիշ է: Մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակել։ Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում ութերորդ դասարանից ներդրված է մասնագիտական կողմնորոշում խմբակը, որի շրջանակում ներկայացվում են մասնագիտությունները։ Մյուս կողմից՝ ունենք խնդիր, երբ բազմաթիվ երեխաներ չեն կողմնորոշվում մասնագիտական ընտրության հարցում, և այս առումով քոլեջները և ուսումնարաններն ունեն անելիք»,- դիմելով տնօրեններին՝ ասել է նախարարի տեղակալը։ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ քոլեջների և ուսումնարանների ընդունելությանն աջակցում են նաև գերակա մասնագիտություններով ուսումնառության համար պետության կողմից սահմանված բարձր կրթաթոշակները։ Նախարարի տեղակալը շեշտել է՝ բարձր կրթաթոշակը ուսանողները կարող են պահպանել՝ համապատասխան առաջադիմությամբ սովորելու դեպքում։ Միաժամանակ, իրավիճակի վերլուծությունը փաստում է՝ ընդունելության ցուցանիշները նախորդ տարիների համեմատ բարելավվել են ոչ միայն գերակա մասնագիտություններով, այլև ընդհանրապես՝ հիմնականում ըստ աշխատաշուկայի պահանջարկի։ Անդրադառնալով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի կիրարկմանը՝ նախարարի տեղակալը շեշտել է՝ կարևորվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման՝ դուալ համակարգով կրթության կազմակերպման զարգացումը, և այդ նպատակով խրախուսվում է մասնավոր սեկտորի հետ ՄԿՈՒ հաստատությունների սերտ համագործակցությունը։ «Մասնավոր ընկերությունների հետ համագործակցությունը և համատեղ ծրագրերը պետք է դրական ազդեցություն ունենան ուսանողների ուսումնառության գործընթացի վրա՝ նպաստելով կրթության որակի բարելավմանը»,- ընդգծել է Արաքսիա Սվաջյանը։ Անդրադառնալով մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին՝ նախարարի տեղակալը նշել է, որ նախորդ տարի մեկնարկած ատեստավ

որման գործընթացն այս տարի կշարունակվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ։ «ՄԿՈՒ համակարգում դասավանդողների համար ատեստավորման երկու համակարգ է գործում․ հանրակրթական առարկաներ դասավանդող մանկավարժների ատեստավորումն իրականացվում է հանրակրթության ոլորտի ընթացակարգերով, իսկ մասնագիտական առարկաներ կամ մասնագիտական մոդուլներ դասավանդող դասախոսների մասնագիտական կարողությունների զարգացումը՝ առանձին ընթացակարգով։ ՄԿՈՒ համակարգում ատեստավորմանը նախորդում է մասնագիտական վերապատրաստումը, որը, կարծում եմ, կարևոր է»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ատեստավորման գործընթացն աշխատավարձի շոշափելի բարձրացման հնարավորություն է ապահովում։ Արաքսիս Սվաջյանի խոսքով՝ առաջիկայում մեկնարկելու են վերապատրաստման դասընթացներն ատեստավորման ենթական ուղղություններով դասավանդողների համար. բուն ատեստավորումը կանցկացվի աշնանը։ Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ՝ արդեն իսկ հաստատվել է նաև տարակարգի տրամադրման կարգը: Նա հույս է հայտնել, որ կցուցաբերվեն բավարար ակտիվություն և մասնակցություն՝ այս ճանապարհով ևս նպաստելու մասնագետների կարողությունների զարգացմանն ու ֆինանսական տեսքով խրախուսման հնարավորությունների ավելացմանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագրին. «Ուրախալի է, որ ունենք բավականին մեծ հետաքրքրություն ՄԿՈւ համակարգի նկատմամբ՝ հատկապես մարզերում, որտեղ որոշ բնակավայրում հասանելի չէ մասնագիտական կրթությունը, և տրանսպորտային ծախսերի փոխհատուցման հնարավորությունը նպաստում է այդ խնդրի լուծմանը»: Արաքսիա Սվաջյանը նաև ընդգծել է՝ նախատեսվում է ֆինանսավորման մոդելի փոփոխություն. նախագիծը շուտով կդրվի հանրային քննարկման: «Ակնկալում ենք նաև ձեր դիտարկումներն ու առաջարկները, որոնք շատ կարևոր են»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: Հանդիպման ավարտին ներկաներն ուղղել են իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են ներառականությանը, ֆինանսավորման ձևաչափին, վարչական աշխատողների վարձատրությանը և այլն:
