Արձանագրության վավերացմամբ հետախուզումների վերաբերյալ փաստաթղթղերը մյուս կողմին կփոխանցվեն նաեւ էլեկտրոնային եղանակով
Նախագծով առաջարկվող փոփոխությունները հնարավորություն են տալիս ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմիններին տեղեկատվական համագործակցության շրջանակում կիրառել փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը: Նա Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 20-ի նիստում ներկայացրել է ««Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» 2010 թվականի դեկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Զեկուցողի խոսքով այս պահի դրությամբ ԱՊՀ մասնակից պետություններում հետախուզումներն ամբողջությամբ իրականացվում են թղթային եղանակով: Արձանագրության վավերացմամբ հետախուզումների վերաբերյալ փաստաթղթղերը մյուս կողմին կփոխանցվեն նաեւ էլեկտրոնային եղանակով: Նշվել է, որ արձանագրությունը ստորագրվել է 2024 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Մոսկվայում: Հարակից զեկուցող, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, կարեւորելով նախաձեռնությունը, հորդորել է կողմ քվեարկել: Նախագիծն արժանացել
է հանձնաժողովի հավանությանը: Հեղինակի առաջարկով հետաձգվել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը: