Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 19-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությանը: Ընդգծելով երկու երկրների միջեւ խորացող համագործակցությունը՝ Ալեն Սիմոնյանը գործընկերոջը հայտնել է երկկողմ բարեկամական հարաբերությունները նոր՝ ֆունկցիոնալ մակարդակի բարձրացնելու ցանկության մասին՝ առաջարկելով դիտարկել Հայաստանի ու Կիպրոսի միջեւ ռազմավարական գործընկերության համաձայնագրի կնքումը, ինչն իր հերթին ողջունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը: Կողմերը հանգամանալի անդրադարձել են նաեւ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերին եւ երկկողմ հետաքրքրության այլ թեմաների: Առանձին անդրադարձ է կատարվել նաեւ Կիպրոսի հայ համայնքի գործունեությանը եւ երկու երկրների միջեւ եղբայրական հարաբերություններում դրա ունեցած առանցքային դերին: Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային խնդիրները՝ այդ համատեքստում կարեւորելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդեն համաձայնեցված համաձայնագրի կնքման անհրաժեշտ
ությունը: Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրին: Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Ալեն Սիմոնյանը եւ Անիտա Դիմիտրիուն հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Խորհրդարանների ղեկավարների հանդիպումը եզրափակվել է խորհրդանշական ծառատունկով: