Հանձնաժողովը քննարկել ու մերժել է հարկային փոփոխությունների չեղարկմանը վերաբերող կոլեկտիվ հանրագրով ներկայացված առաջարկությունները

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 30-ի նիստում քննարկել է ««ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից կոլեկտիվ հանրագրով ներկայացված՝ «ՀՀ ԱԺ-ի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ 340-Ն եւ 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-285-Ն օրենքներն ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաեւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (Կ-960-11.11.2024-ՏՀ-011/1) օրենքի նախագիծն երկրորդ ընթերցմամբ չընդունելու մասին» առաջարկությունների հիմնավորվածության վերաբերյալ»» եզրակացության նախագիծը: Հանրագրով առաջարկվում է վերացնել փոքր բիզնեսի համար սահմանված վատթարացնող հարկային փոփոխությունները, ինչպես նաեւ չընդունել հաշվապահական եւ իրավաբանական ծառայությունների մասով հարկային բեռ ավելացնող դրույթները: Ամբողջական փաստաթղթի հղումը՝ այստեղ: ՓՄՁ ասոցիացիայի կառավարման խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը խոսել է ՓՄՁ ոլորտում առաջացած խնդիրներից, անընդունելի համարել տարվա կեսից վատթարացնող նորմ ընդունելը: Առաջարկվում է այս տարվա հունվարի մեկից ուժի մեջ մտած դրույթները չեղարկել: Հակոբ Ավագյանը կարեւորել է ազդեցության գնահատումը եւ այս հարցում համագործակցելու պատրաստակամություն հայտնել: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը եւս մեկ անգամ փաստել է՝ Կառավարության նպատակը ՓՄՁ-ների համար հարկային բեռն ավելացնելը չի եղել, այլ՝ բոլորի համար հավասար պայմաններ ապահովելը: Պատգամավորի խոսքով մինչ վերոնշյալ կարգավորումներն ընդունելը՝ այս հարցը բազմիցս տարբեր ձեւաչափերով քննարկվել է ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Հանձնաժողովի փոխնախագահի խոսքով այս պահին անիրատեսական է չեղարկել մի քանի ամիս առաջ ուժի մեջ մտած կարգավորումը,
որը մանրամասն քննարկվել եւ ընդունվել է ու դրա վերաբերյալ ներկայացված հակափաստարկներ չկան: Քննարկմանը մասնակցել են Ֆինանսների նախարարության, Հաշվապահների ու Իրավաբանների ասոցիացիաների, Գործատուների միության ներկայացուցիչներ: Հանձնաժողովականները քվեարկությամբ մերժել են կոլեկտիվ հանրագրով ներկայացված առաջարկությունները: