Ազգային ժողովում շարունակվել են հերթական նիստի աշխատանքները
Ազգային ժողովն ապրիլի 16-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին փաստաթղթի քննարկման ընթացքում հարակից զեկուցմամբ հանդես է եկել ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը: Նախարարը շնորհավորել է Ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ՝ շնորհակալություն հայտնելով ոստիկանական շարքերում կանգնած յուրաքանչյուր ծառայողի՝ իր ամենօրյա սրտացավ ու անձնվեր ծառայության համար: Նա տեղեկացրել է, որ բացվել է ՆԳՆ պարեկային ծառայության եւ օպերատիվ կառավարման կենտրոնի նոր մասնաշենքը: Անդրադառնալով ոստիկանության ոլորտի բարեփոխումներին՝ նախարարն ընդգծել է, որ 2024 թվականին գործարկված են երեք հենասյունային ուղղությունները: «Ի լրումն պարեկային ծառայության՝ գործարկվել է նաեւ քրեական ու համայնքային ոստիկանությունը, ընդ որում՝ ֆունկցիոնալ ճիշտ տարաբաշխմամբ»,- ասել է զեկուցողը: Խոսելով պարեկային ծառայության աշխատանքի մասին՝ նախարարը փաստել է, որ այն Հայաստանում ծառայության նոր եւ ժամանակակից մոդել է, որը գոյության մի քանի տարիների ընթացքում ապացուցել
է իր արդյունավետությունը: Արփինե Սարգսյանը նշել է, որ էականորեն աճել է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումների աճ ունենք, որը վերջին երեք տարիների կտրվածքով, կարելի է ասել, եռապատկվել է՝ տարեկան կտրվածքով անցնելով 20 հազարը: Սա բավականին դրական ցուցանիշ է»,- նշել է նախարարը: Նախարարը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին: Հարցի վերաբերյալ ելույթ են ունենում պատգամավորները: