Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպմանը քննարկվել է հունիսի 5-7-ը Հայաստանում նախատեսվող Վրաստանի մշակույթի օրերի ծրագիրը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և կարևորել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում Հայաստանի և Վրաստանի միջև փոխհամագործակցության արդյունավետ և կայուն զարգացումը: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ մշակույթի օրերի կազմակերպումը կամրապ

նդի երկու երկրների բարեկամական հարաբերություններն ու մշակութային երկխոսությունը։ Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ մշակութային օրերի հագեցած ծրագիրը հետաքրքրություն կառաջացնի՝ խթանելով Հայաստան-Վրաստան մշակութային կապերի զարգացումը։ Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար: Դեսպանը տեղեկացրել է՝ Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսվում են մշակութային մի շարք միջոցառումներ՝ վրացի անհատ կատարողների, երաժշտական խմբերի, պարային համույթների մասնակցությամբ: Երկկողմ համագործակցության համատեքստում կողմերն առանձնացրել են նախորդ տարի Իջևանում հայ և վրացի կատարողների մասնակցությամբ անցկացված «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել նաև Վրաստանում: ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև Հայաստանի և Վրաստանի միջև երիտասարդական համաժողովների կազմակերպումը՝ ընդգծելով երկու երկրների երիտասարդների շփման և երկխոսության զարգացման, բարեկամական կապերի ամրապնդման և համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման կարևորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Վրաստանի մշակույթի օրերի կազմակերպմանը վերաբերող աշխատանքային

մի շարք հարցեր։