Առաջարկվում է օրենքով ամրագրել էկոպարեկային ծառայողի սոցիալական երաշխիքները

Կառավարութունն առաջարկում է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում վերանայել էկոպարեկային ծառայության ծառայողի զոհվելու կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում տրամադրվող դրամական օգնության հետ կապված կարգավորումները: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Զեկուցողի խոսքով փոփոխությամբ առաջարկվում է օրենքով ամրագրել էկոպարեկային ծառայողի սոցիալական երաշխիքները: Կառավարությունն առաջարկում է սոցիալական ապահովագրությունը փոխարինել դրամական փոխհատուցմամբ եւ սահմանել, որ էկոպարեկային ծառայողի՝ ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում ծանր մարմնական վնասվածք ստանալու կամ մահվան դեպքերում տրվի դրամական փոխհատուցում: Առաջարկվում է նաեւ Կառավարությանը տալ փոխհատուցման վճարման կարգը սահմանելու լիազորություն: Հաջորդ փոփոխությամբ էլ նախատեսվում է սահմանել, որ էկոպարեկային ծառայողներն իրենց վերապահված լիազորություններն իրականացնեն սույն օրենքով սահմանված կարգով մրցույթի արդ

յունքով պաշտոնի նշանակվելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ը: Պատգամավորների հարցերին պատասխանել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը: Նա նշել է, որ ներկայում ընթանում է Էկոպարեկային ծառայության համալրման գործընթաց եւ տեղեկացրել, որ իգական սեռի ներկայացուցիչների համար քվոտաներ սահմանված չեն. ծառայությունը նոր ձեւավորվող է, եւ կանանց ներգրավումը դրանում չի բացառվում: Շրջակա միջավայրի փոխնախարար Արա Մկրտչյանն էլ տեղեկացրել է, որ Էկոպարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու կարգը հրապարակված է նախարարության կայքում: Հարցը քննարկվել է հանձնաժողովի՝ մարտի 19-ի նիստում եւ ստացել դրական եզրակացություն:



ԼՐԱՀՈՍ