Գործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացում կատարել Ջրային օրենսգրքում

Հաշվի առնելով 2024 թվականի հորդառատ անձրեւների հետեւանքով Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում Աղստեւ գետի վարարումից առաջացած հետեւանքները՝ Կառավարությունը մշակել է «Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից եւ բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծ: Այն իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լիազորող նորմ նախատեսել Ջրային օրենսգրքում: Այս մասին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 19-ի նիստում ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը: ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում նախատեսող օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ: Կառավարությունն առաջարկում է սահմանել «ջրօգտագործման թույլտվություն» հասկացությունը, հանել ջրօգտագործողի կողմից լիազոր մարմնին ջրօգտագործման թույլտվություն ներկայացնելու պահանջը: Օրինագծով նախատեսվում է Կառավարությանը տալ լիազորող նորմ՝ ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից եւ բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգի սահմանման համար, ինչպես նաեւ հստակեցնել մի քանի այլ նորմեր: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նշել է,
որ օրենքի նախագիծն ուղղված է գետերի ռիսկային հատվածների ճիշտ կառավարմանը: «Առաջարկվող փոփոխությունները հիմնականում տեխնիկական բնույթի են. դրանք արվում են, որպեսզի որեւէ գետի մաքրման դեպքում թե՛ համայնքը, թե՛ այլ պետական մարմինը չկանգնեն հավելյալ բարդությունների առաջ»,- նշել է նախարարը: Նա պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին՝ առաջարկելով այն ներառել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: