Կստեղծվի հնարավորություն մեկ վարույթում միավորելու ՀՀ հակակոռուպցիոն դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման փոխկապակցված գործերը

Նախագիծը վերաբերում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելուն: Բանն այն է, որ գործող օրենսգիրքը թույլ է տալիս միեւնույն դատավորի մոտ եղած փոխկապակցված գործերը միացնել մեկ վարույթում, սակայն նախատեսված չէ կառուցակարգ, որը թույլ կտա միեւնույն դատարանի տարբեր դատավորների մոտ քննվող գործերը միացնել մեկ դատավորի վարույթում, բայց գործնականում նման անհրաժեշտություն առաջանում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձնման վարույթի առանձնահատկություններից ելնելով: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասինե օրենքի նախագիծը: Փոխնախարարը ներկայացրել է այն հանգամանքները, որոնց առկայության պայմաններում կարիք է առաջանում միեւնույն դատարանի տարբեր դատավորների մոտ քննվող գործերը միացնել մեկ դատավորի վարույթում: Նշվել է, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում կստեղծվի հնարավորություն մեկ վարույթում միավորելու ՀՀ հակակոռուպցիոն դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման փոխկապակցված գործերը, ինչը կնպաստի գործերի՝ ողջամիտ ժամկետում քննությանը եւ արդյունավետ լուծմանը: Նախատեսվում է, որ երկու կամ ավելի վարույթներ կարող են միացվել, եթե միացման ենթակա գործերը քննող բոլոր դատավորները քննարկել են միջնորդությունը եւ կայացրել են այդ միացումը թույլատրելու մասին որոշումներ: Եթե միացման ենթակա գործերը քննող դատավորների թիվը երկուսից ավելի է, ապա առաջինը միջնորդությունը ստացած դատավորը միացումը թույլատրելուց հետո բոլոր դատավորներին է ուղարկում որոշումը եւ դրա կայացման համար հիմք հանդիսացած փաստաթղթերը: Եթե միացման ենթակա գործը քննող հաջորդ դատավորը կայացնում է որոշում՝ միացումը թույլատրելու մասին, ապա գործն անհապաղ հանձնում է հայցն առավել վաղ վարույթ ընդունած կամ առավել վաղ մուտքագրված գործը քննող դատավորին: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է առաջարկվող կարգավորումներին՝ նշելով, որ նախագիծը ողջունելու են նաեւ պատասխանող կողմերը: «Պատասխանողների համար էլ լրացուցիչ ռեսուրսի վատնում է, որ նույն փաստական հանգամանքներին պետք է անդրադառնան տարբեր վարույթների շրջանակում: Այսինքն՝ ե՛ւ ֆինանսական ռեսուրսի, ե՛ւ ժամանակի ծախս է ենթադրում: Այդ ամենը վերացնելուն է ուղղված այս նախագիծը: Վստահ եմ՝ պատասխանողները եւս շահագրգռված են, որ ն
ախագիծը կյանքի կոչվի»,- ասել է նախարարը: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը: Նիստը տեղի է ունեցել մարտի 18-ին: