Քննարկվել է Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար ներկայացված թեկնածուի հարցը

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Ժիրայր Սամվելի Մխիթարյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը: Հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը ներկայացրել է Ժիրայր Մխիթարյանի կենսագրական տվյալները, խոսել թեկնածուի աշխատանքային գործունեության մասին: Թեկնածուի կենսագրությունը` այստեղ: Ժիրայր Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրելու համար: Խոսելով Հաշվեքննիչ պալատի գործունեության ապագայի մասին` նա կարեւորել է մարդակենտրոնությունը` նշելով, որ հաշվեքննությունների կենտրոնում պետք է դիտարկել մարդուն եւ նրա կարիքները: Բանախոսը կարեւորել է նաեւ համապատասխան որակի աուդիտորական արդյունքներ ունենալը, ինչպես նաեւ փո
խգործակցությունն օրենսդիր եւ գործադիր մարմինների հետ, որը հնարավորություն կտա ներդաշնակեցված աշխատանքի միջոցով նպաստել հանրային կառավարման բարելավմանը: Բանախոսը նշել է, որ տարիների ընթացքում կուտակած իր աշխատանքային փորձն ու գիտելիքները պատրաստ է ծառայեցնելու Հաշվեքննիչ պալատի հետագա զարգացմանը: Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են, մասնավորապես, ֆինանսական աուդիտների հաշվետվությունների թվայնացմանը, համապատասխան օրենքի փոփոխություններին: Հանձնաժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները կողմ են քվեարկել Ժիրայր Մխիթարյանի թեկնածությանը: Քվեարկությանը չեն մասնակցել «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները: