🎥 Հափշտակել էին 10 հազար դոլար. Երևանի քրեական ոստիկանները հանցագործությունը բացահայտեցին ժամերի ընթացքում

Փետրվարի 22-ին, գիշերվա ժամը 4.19-ին, 911 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Սարյան փողոցում մի քանի ժամ առաջ երկու հոգի ատրճանակով իրեն վախեցրել են և տարել 10 հազար դոլար։Հաղորդումը փոխանցվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից օպերատիվ խումբ մեկնեց քաղաքացու նշած վայր:Ահազանգած քաղաքացին տվել է հաղորդում, որ փետրվարի 21-ին, ժամը 22.30-ի սահմաններում, իրեն անծանոթ երկու տղամարդ թակել են տան պատուհանը, ջուր խնդրել իրենց մեքենայի համար, մոտ հինգ րոպե հետո վերադարձել են, կրկին թակել պատուհանը և իրենից գումար պահանջել: Ինքը հրաժարվել է գումար տալուց՝ պատճառաբանելով, որ մոտը գումար չկա, գումարները գտնվում են էլեկտրոնային դրամապանակում և պետք է սպասել մինչ առավոտ: Սակայն նրանցից մեկը հագուստի տակից ատրճանակի նմանվող առարկա է պահել իր ուղղությամբ և ասել, որ եթե գումարը չտա, ապա կսպանեն: Դրանից հետո ինքը իր պայուսակի միջից հանել է 10 հազար դոլար ու տվել նրանց, ինչից հետո նրանք հեռացել են։Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում
նախաձեռնվեց քրեական վարույթ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս պարզվեց, որ հանցագործությունը կատարել են Կոտայքի մարզի Զովունի գյուղի և Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչ տղամարդիկ, երկուսն էլ 33 տարեկան: Հենց նրանք են «Ռենո Լոգան» մակնիշի մեքենայով ժամանել Սարյան փողոց և կատարել հափշտակությունը:Նույն օրը Երևանի Խանջյան փողոցում զովունեցուն, իսկ Երևանի Նազարբեկյան փողոցում` փարպեցուն, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, իրավապահները ձերբակալել և տեղափոխվել են Երևան քաղաքի վարչություն։Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստացված տվյալներն իրացնելու և վարույթային գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ հիշյալ արարքին մասնակել է նաև երրորդ անձ:Այդ երրորդ անձը` Երևանի Սեբաստիայի փողոցի բնակիչ 36-ամյա տղամարդը, նույն օրը ձերբակալվեց և տեղափոխվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ ներկայացվեց վարույթն իրականացնող մարմնին։Երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, երեքն էլ տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: