Զոհված զինծառայողների ընտանիքների կողմից տեղադրված տապանաքարերի ծախսերը կփոխհատուցվեն պետության կողմից․ նախագիծ .Iravaban.net
Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 4-ի N 661-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. «2.1. Սույն որոշման 2-րդ կետի պայմանները տարածվում են նաև 2023 թվականի ընթացքում զոհված (մահացած) և հետագայում «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների ընտանիքների միջոցներով տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերի փոխհատուցման իրավահարաբերությունների վրա, որի դեպքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարա
րության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումն անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 916-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված կարգով՝ հիմք ընդունելով ՀՀ ՊՆ իրավասու ստորաբաժանման կողմից ներկայացված անվանացուցակը (հուղարկավորված զինծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, հատուցման գումարի չափը), փոխհատուցում ստանալու վերաբերյալ իրազեկման հայտարարությունը, ինչպես նաև ՀՀ ՊՆ կամ ՀՀ ՆԳՆ-ից կամ ՀՀ ԱԱԾ-ից կամ ՀՀ պետական պահպանության ծառայությունից կամ ՀՀ քրեակատարողական ծառայությունից զինծառայողի զոհվելու (մահանալու) հանգամանքների վերաբերյալ ստացված տեղեկատվությունը։» Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը Նախագծի ընդունումը պայմանավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների ընտանիքների միջոցներով և նախընտրած ձևով պատրաստված ու տեղադրված տապանաքարերի դիմաց հատուցում տրամադրելու անհրաժեշտությամբ։ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները 2023 թվականի ընթացքում հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, ինչպես նաև սեպտեմբերի 19-20-ի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված (մահացած) զինծառայողների մի շարք ընտանիքներ իրենց միջոցներով և նախընտրած ձևով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում պատրաստել ու տեղադրել են տապանաքարեր: Ներկա պահին քննարկվում է թվով 8 ընտանիքի հատուցման հարց, որի համար կպահանջվի շուրջ 10 մլն դրամ գումար: Հատուցումը նախատեսվում է իրականացնել ՀՀ պաշտպանության նախարարության և «ԼԻԲՐԱ-Ս» ՍՊԸ-ի միջև 2021 թվականի նոյեմբերի 18-ին կնքված պայմանագրով տվյալ տեսակի քարերի լրակազմի համար նախատեսված գումարի չափով՝ հաշվի առնելով բարոյական ու սոցիալական արդարադատության սկզբունքները։ Կարգավորման նպատակը և բնույթը Նախագծի նպատակն է ապահովել, որ զոհված (մահացած) և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների ընտանիքների կողմից տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերը պատշաճ կերպով հատուցվեն, իսկ պետական միջոցները նպատակային օգտագործվեն: Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը Որոշման նախագիծը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում: Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Նախագիծը համապատասխանում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 9-րդ կետի պահանջներին, ներառյալ զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության ամրապնդումը և ծառայության գրավչության բարձրացումը: Նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։