Հնարավոր է՝ անկանխիկ գործարքների հետվճարը կիրառվի ավելի ընդլայնված տարբերակով .banks.am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանում անկանխիկ վճարումների ծավալները գերազանցում են կանխիկի ծավալներին: «Սա մեզ համար ուրախալի փաստ է, որովհետեւ այս իրավիճակը մենք նկարագրել ենք որպես ցանկալի դեռեւս 2018-2019 թվականներին: Իհարկե, պատճառները պետք է հասկանանք, որովհետեւ ենթադրում եմ նաեւ, որ օնլայն առեւտրի շուկայի զարգացումը, այդ թվում՝ մի շարք օտարերկրյա խոշոր ընկերությունների ներկայությունը մեր շուկայում շոշափելի ա
զդեցություն ունեցել է: Բայց հիմա ինձ համար նաեւ ակնհայտ է, որ նույն կենսաթոշակների հետվճարի համակարգը նույնպես ինչ-որ ազդեցություն ունեցել է: Վերադառնալով կենսաթոշակների, ընտանեկան եւ անապահովության նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի համակարգին՝ գալիս ենք այն եզրակացության, որ հնարավոր է այն լավ գործիք է ամենատարբեր առիթներով եւ ձեւերով քննարկելու ու լուծումներ գտնելու համար»,- կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ քննարկման նպատակն է հասկանալ, թե ինչքանով է իրատեսական, արդյունավետ եւ ինչ գործիքներով կարելի է անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի գործիքը կիրառել ավելի ընդլայնված ձեւով եւ շահառուների ինչ շրջանակի:Հանդիպմանն անդրադարձ է կատարվել անկանխիկ գործառնությունների ներկա մակարդակին, կառուցվածքին, հետվերադարձի մեխանիզմներին, սկզբունքներին եւ հիմնական նպատակներին, ինչպես նաեւ ֆինանսավորման հնարավոր ուղիներին: Մտքերի փոխանակության ընթացքում ներկայացվել են տարբեր առաջարկություններ, այդ թվում՝ հետվճարի համակարգը շահառուների նոր խմբի շրջանակում պիլոտային կերպով իրականացնելու վերաբերյալ: