Հայաստանը հանձնառու է զարգացնելու եւ խորացնելու հարաբերություններն Իռլանդիայի հետ. Սիսակ Գաբրիելյան
Հայաստանը հանձնառու է զարգացնելու եւ խորացնելու հարաբերություններն Իռլանդիայի հետ: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ՀՀ-ում Իռլանդիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Բեննոնի հետ հանդիպման ընթացքում (նստավայրը՝ Բուլղարիա): Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Իռլանդիա բարեկամական խմբի ղեկավար Մերի Գալստյանը: Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ վերջերս է այցելել Իռլանդիա եւ Իռլանդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ջոն Բրեյդիի հետ հանդիպման ընթացքում քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավոր ուղղություններին ու նախաձեռնություններին վերաբերող հարցեր: Նա տեղեկացրել է, որ Իռլանդիա-Հայաստան բարեկամական խմբի այցը Հայաստան նախատեսվում է 2026 թվականի փետրվար-մարտ ամիսներին: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ 2025 թվականին Հայաստանի խորհրդարանն ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը: Նա հույս է հայտնել, որ հաջորդ տարի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո գործընթացն առավել ակտիվ շարունակություն կունենա: Սիսակ Գաբրիելյանը հայտնել է, որ 2026 թվականի մայիսին Հայաստանում տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ կրթության ոլորտում Հայաստանի եւ Իռլանդիայի համագործակցության հետագա զարգացումը կարեւոր նախադրյալներ է ստեղծում երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ փորձի փոխանակման համար: Նրա դիտարկմամբ երկու երկրների հարաբերությունների ս
երտացմանը կարող է զգալիորեն նպաստել նաեւ Իռլանդիայից Հայաստան ուղիղ չվերթների բացման հնարավորությունը: Մերի Գալստյանը եւս կարեւորել է Հայաստան-Իռլանդիա հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով խորհրդարանական փոխհամագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Նա նաեւ կարեւորել է Իռլանդիայի հետ համագործակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակում, խոսել Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքի, իրականացվող աշխատանքների մասին: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Քեթրին Բեննոնը նշել է, որ երկու երկրների խորհրդարանական գործընկերների այցը կբացի նոր հնարավորություններ՝ խորացնելու երկկողմ կապերը, հատկապես՝ խորհրդարանական հարթակում, ինչպես նաեւ կնպաստի Հայաստանի եւ Իռլանդիայի միջեւ բարեկամական հարաբերությունների ընդլայնմանը: Քննարկվել են Իռլանդիայի հետ մի շարք ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը, վիզաների ազատականացման գործընթացին: