Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կալանավորվեցին 2 ամսով

Դատարանը որոշել է 2 ամիս ժամկետով կալանավորել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին: Կալանքների վերաբերյալ որոշումները կայացրել են Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Մասիս Մելքոնյանը և Աջափնյակ-1 նստավայրի դատավոր Ռոման Սմբատյանը: Հաղորդավարները ձերբակալվել են Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա՝ վերջինս հաղորդում է տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ: Սամսոնյանը մեղադրվում է խուլիգանության համար:

Վազգեն Սաղաթելյանի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Արսեն Բաբայանը, Նարեկ Սամսոնյանինը՝ Ռուբեն Մելիքյանը: Փաստաբանները հայտարարել են, որ կալանքների վերաբերյալ որոշումները կբողոքարկեն Վերաքննիչ դատարան: Պաշտպանները պնդում են, որ հաղորդավարների նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում: Փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշել է, որ փոդքասթի համահեղինակները կոշտ գնահատականներ են տվել Ալեն Սիմոնյանին՝ բացառապես ի պատասխան վերջինիս կողմից հրապարակավ նրանց «շան լակոտ» անվանելուն:



ԼՐԱՀՈՍ