Եվս 5 ԵՊՀ ուսանող է ներառվել Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակային ծրագրում .banks.am

Հայտնի են 2025-2026 ուստարում Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակի արժանացած ԵՊՀ 5 ուսանողների անունները․ յուրաքանչյուրը կստանա 1 միլիոն դրամ։Երկարամյա կրթաթոշակային ծրագիրը մեկնարկել է 2023 թ․ բանկի ու ԵՊՀ-ի միջեւ կնքված համագործակցության հուշագրով։Բանկից հայտնել են, որ 2025-2026 ուստարում երիտասարդներն ընտրվել են Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի բակալավրիատի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կուրսերից։ Հաշվի է առնվել նրանց ուսման առաջադիմությունը, հասարակական եւ ներբուհական ակտիվությունը, մասնակցությունը կամավորական աշխատանքներին, ինչպես նաեւ ներգրավվածությունն ինտելեկտուալ եւ գիտական միջոցառումներում ու գիտահետազոտական աշխատանքներում։Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է մոտիվացնել երիտասարդներին եւ ոգեշնչել նրանց մեծ հաջողությունների։ «Արդեն երրորդ տարին է, ինչ Բիբլոս Բանկ Արմենիան կրթաթոշակներ է տրամադրում ԵՊՀ ուսանողներին։ Քրտնաջան աշխատելով եւ կրթությանը լրջությամբ մոտենալով՝ երիտասարդներն արդեն իսկ ներդրումն են կատարում իրենց համայնքներում ու ոլորտներում: Հուսով եմ՝ Երեւանի պետական համալսարանի հետ համագործակցությունը լավ արդյունքներ կտա»,- նշել է Հայկ Ստեփանյանը։«Երեւանի պետական համալսարանի համար կարեւոր է,

որ մեր ուսանողները ոչ միայն բարձր առաջադիմությամբ ու գիտական հաջողություններով աչքի ընկնեն, այլեւ ակտիվորեն ներգրավված լինեն հասարակական ու կամավորական նախաձեռնություններում։ Բիբլոս Բանկ Արմենիայի հետ համագործակցության շնորհիվ մենք հնարավորություն ենք ստեղծում մեր տաղանդավոր երիտասարդների համար առավելագույնս զարգացնելու իրենց կարողությունները եւ վստահորեն կառուցելու իրենց ապագան։ Այս կրթաթոշակները ուսանողների համար ոչ միայն խրախուսանք են, այլեւ պատասխանատվություն՝ իրենց գիտելիքներն ու կարողությունները ներդնելու երկրի զարգացման գործում։ Բուհ–բիզնես համագործակցության այս ձեւաչափը լավագույն օրինակն է, թե ինչպես կարելի է համատեղ նպաստել երիտասարդների կայացմանը»,- ասել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակային ծրագրի մեկնարկից ի վեր՝ անվանական կրթաթոշակ եւ ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել ԵՊՀ 25 ուսանողի։Բիբլոս Բանկ Արմենիան վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։



ԼՐԱՀՈՍ