Ճարտարապետների աշխատանքը փոխում է հանրության կյանքի որակը. պարգևատրումներ Ճարտարապետության համաշխարհային օրվա շրջանակում

Ճարտարապետության համաշխարհային օրվա շրջանակում Հայաստանի ճարտարապետների պալատում տեղի է ունեցել ճարտարապետների պարգևատրման արարողություն, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։ Շնորհավորելով մասնագիտական տոնի առիթով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է. «Ճարտարապետների աշխատանքը փոխում է հանրության կյանքի որակը, քանի որ քաղաքաշինական միջավայրը փոփոխության և զարգացման տեսլական է ապահովում՝ ընդլայնելով դրա իրագործման հնարավորությունները»,- ասել է նախարարը: Նա կարևորել է Ճարտարապետների միության և ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի աշխատանքը՝ ընդգծելով բարձրակարգ փորձագիտական ռեսուրսի կարևորությունը հուշարձանների պահպանման ուղղությամբ: Նախարարն անդրադարձել է նաև ճարտարապետական կրթության զարգացող դինամիկային՝ նշելով, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ամեն տարի գրանցվում է ուսանողների թվի աճ, ինչը նշանակում է՝ ոլորտը հետաքրքրական է երիտասարդների համար: Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարը «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, վերականգնող ճարտարապետ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դոցենտ, Հայաստանի ճարտարապետների միության անդամ Հովհաննես Սանամյանին պարգևատրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով: Պարգևը հանձնվել է Հայաստանի Հանրապետության պատմամշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման ոլորտում բազմամյա փորձի, մնայուն աշխատանքի և սեփական փորձն ու գիտելիքները սերունդներին փոխանցելու համար՝ ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ: Միջոցառման ընթացքում ամփոփվել են նաև Հայաստանի ճարտարապետների պալատի կազմակերպած Ճարտարապետական ստեղծագործությունների 2025թ. ստուգատես-մրցույթի արդյունքները։ Ներկայացված նախագծերի հեղինակներին շնորհվել են առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմներ, որոնք հանձնել է Ճարտարապետների պալատի ն

ախագահ Ալեքսանդր Բադալյանը։ Շնորհավորելով ճարտարապետներին՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նշել է, որ Ճարտարապետների պալատի նախաձեռնած ճարտարապետական աշխատանքների ստուգատեսը հրաշալի առիթ է՝ ճանաչելու և արժևորելու մեր օրերում ապրող, ստեղծագործող ճարտարապետներին։ «Ներկայացված աշխատանքները, վստահաբար, բիզնես նախագծեր լինելուց բացի ճարտարապետների մտքի թռիչքն ու ստեղծագործական հայացքն են։ Այսօր, ավելի, քան երբևէ, ճարտարապետները պահանջված են ինչպես մասնավոր, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում: Քաղաքաշինության կոմիտեն ձեր աջակցությամբ և ակտիվ համագործակցությամբ ձգտելու է նպաստել մասնագիտական գործունեության համար բարենպաստ միջավայրի կայացմանը»,-նշել է Եղիազար Վարդանյանը։ Մի խումբ ճարտարապետներ արժանացել են նաև Երևանի քաղաքապետարանի պարգևներին։ Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև «Ճարտարապետական փառատոն 2024» գրքի (կատալոգի) շնորհանդեսը, ներկայացվել են ճարտարապետ Սպարտակ Կնտեղցյանի աշխատանքները։
