«Ի դեմս imID-ի, Հայաստանը կարող է դառնալ թվային ինքնության ծառայությունների ոլորտում տարածաշրջանային առաջատար» .banks.am

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը եւ ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը imID-ի եւ SK ID Solutions-ի ներկայացուցիչների հետ քննարկել են վերջիններիս միջեւ նորաստեղծ ռազմավարական համագործակցությունը եւ դրա կարեւորությունը Հայաստանի թվային փոխակերպման օրակարգում։ 03.10.2025 | 17:53 Մարտին Գալստյանը եւ Արմեն Նուրբեկյանը ներկայացրել են բանկի թվային փոխակերպման օրակարգի ռազմավարական առաջնահերթությունները՝ կարեւորելով հոկտեմբերի 2-ին imID-ի եւ SK ID-ի միջեւ կնքված համագործակցության պայմանագրի ռազմավարական դերը Հայաստանի ֆինանսական համակարգի, բանկային ոլորտի հզորացման, համապատասխանության մեխանիզմների ամրապնդման, ինչպես նաեւ ֆինանսական ենթակառուցվածքում միջազգային առաջատար փորձի ինտեգրման հարցում։ «Մեզ համար շատ կարեւոր է նման նախաձեռնությունների իրականացումը, քանի որ վստահ ենք՝ թվային նույնականացման մեխանիզմների ներդրումը խթանիչ դեր կունենա նոր, ավելի անվտանգ ու ավելի ընդգրկուն թվային ֆինանսական ծառայությունների մատուցման գործում»,- նշել է Մարտին Գալստյանը։ Ըստ պայմանագրի՝ imID-ն արդեն գործարկված վերջին սերնդի իր տեղեկատվական ենթակառուցվածքի վրա կներդնի SK ID Solutions ընկերության միջազգային մակարդակով ապացուցված split key անվտանգության տեխնոլոգիան՝ Հայաստանում գործարկելով imID Digital ID հավելվածը։ «Նախաձեռնությունը կարեւոր քայլ է՝ ուղղված երկրում ապահով, ա

նվտանգ եւ ԵՄ կարգավորումներին համապատասխան էկոհամակարգի ձեւավորմանը»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում:«imID-ի առաքելությունն է պետական կառույցների հետ սերտ համագործակցությամբ Հայաստանը դասել աշխարհի առաջատար թվային հասարակությունների շարքին։ Մեր լուծումները միտված են բիզնես միջավայրը արդյունավետության եւ անվտանգության նոր մակարդակի հասցնելուն՝ ներդնելով նորարարական տեխնոլոգիաներ եւ վստահելի թվային ծառայություններ։ Արդեն իսկ գործարկելով Հայաստանի առաջին հավաստագրման կենտրոնը՝ մենք այսօր եւս մեկ կարեւորագույն նշաձող ենք սահմանել եւ վստահ քայլերով շարժվում ենք դեպի հաջորդ կարեւոր հանգրվանը՝ imID Digital ID հավելվածի գործարկումը, որը կառուցված է SK ID Solutions-ի բազմամյա եվրոպական փորձի հիման վրա», - նշել է Ակբա բանկի Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ-թվային պլատֆորմների եւ տեխնոլոգիաների տնօրեն, imID-ի Հիմնադիր խորհրդի նախագահ Տիգրան Սիմոնյանը։ imID-ի գործադիր տնօրեն Կարեն Մկոյանի հավաստմամբ՝ SK ID Solutions-ի հետ համագործակցությունը չի սահմանափակվում առաջադեմ եւ միջազգայնորեն ճանաչված տեխնոլոգիայի ներդրմամբ։ Նա նշել է, որ հանդիպմանը քննարկվել են ավելի քան երկու տասնամյակի եվրոպական փորձի, լավագույն պրակտիկայի եւ վստահության ծառայությունների մատուցման ընթացքում ձեռք բերված գործնական մոտեցումների փոխանակումը։SK ID Solutions-ի գլխավոր գործադիր տնօրեն Կալեւ Փիհլը նշել է, որ Հայաստանը, ի դեմս imID-ի, ունի թե՛ հավակնություն, թե՛ անհրաժեշտ հիմք՝ դառնալու թվային ինքնության եւ վստահության ծառայությունների ոլորտում տարածաշրջանային առաջատար.«25 տարվա մեր հարուստ փորձի եւ imID-ի ամուր ենթակառուցվածքի համատեղումով մշակվում է այնպիսի լուծում, որը կծառայի ինչպես քաղաքացիներին, այնպես էլ բիզնեսներին եւ ֆինանսական հաստատություններին։ Մեր համագործակցությունը վառ օրինակ է նրա, թե ինչպես գործընկերությունն ու վստահությունը կարող են դառնալ նորարարության, տնտեսության ամրապնդման եւ համընդհանուր թվային տնտեսությա

ն հիմքը»։



ԼՐԱՀՈՍ