ԱրարատԲանկի հովանավորությամբ կայացել է SIA 2025 մրցանակաբաշխությունը .banks.am

ԱրարատԲանկի հովանավորությամբ «Իմփաքթ Հաբ Երեւանի» տարածքում տեղի է ունեցել Social Impact Award Armenia (SIA) մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը ԱրարատԲանկի աջակցությամբ Իմփաքթ Հաբ Երեւանի կողմից իրականացվող ինտենսիվ ինկուբացիոն ծրագրի եզրափակումն էր, որտեղ 8 սոցիալական ձեռնարկություն ներկայացրել է իր նորարար լուծումները՝ ուղղված սոցիալական եւ բնապահպանական խնդիրների լուծմանը։ «Իմփաքթ Հաբ Երեւանի» գործադիր տնօրեն Գեւորգ Պողոսյանը հիշում է՝ երբ տարիներ առաջ մեկնարկել են Social Impact Award-ը, սոցիալական ձեռներեցության մասին հանրությունը, հատկապես երիտասարդությունը շատ քիչ էր տեղեկացված եւ շատ դժվար էր երիտասարդներին բերել սոցիալական ձեռներեցության ոլորտ։ «Հիմա արդեն, այս տարվա փորձը գնահատելով՝ կարող ենք ասել, որ այս առումով մենք շատ անելիք չունենք՝ երիտասարդներն արդեն հետաքրքրված են եւ մեզնից պահանջվում է ապահովել գիտելիք եւ հմտություններ միայն։ Եվ այստեղ շատ կարեւոր է ԱրարատԲանկի հետ ամուր համագործակցությունը, որի արդյունքում մենք հնարավորություն ունեցանք ապահովել ռեսուրսներ, որպեսզի երիտասարդները զարգացնեն իրենց գաղափարը, ճիշտ ձեւով այն կառուցեն եւ կյանքի կոչեն»,- նշել է Գեւորգ Պողոսյանը։ «ԱրարատԲանկն արդեն երրորդ տարին միջոցառման գաղափարական եւ ֆինանսական գործընկերն է՝ այս տարի ֆինանսավորելով ոչ միայն SIA մրցանակային ֆոնդը, այլեւ ամբողջ ինկուբացիոն փուլը՝ ապահովելով թիմերի զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսները։ Իհարկե, ոգեւորված ենք արդյունքներով։ Կարեւորելով սոցիալական ձեռներեցության երկարաժամկետ ազդեցությունը՝ ուրախալի է նաեւ այն փաստը, որ SIA ծրագիրը չի սահմանափակվում միայն Երեւան քաղաքով, նրա ազդեցության տարածքն ավելի ընդ
գրկուն է․ ունենք իրենց բիզնես գաղափարները ներկայացնող մասնակիցներ Գյումրիից, Գորիսից, մեր երկրի այլ համայնքներից»,- ասել է ԱրարատԲանկի Հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։ Բանկից հայտնել են, որ նորարար գաղափարները գնահատվել են ժյուրիի կողմից, որը կազմված էր ԱրարատԲանկի, «Իմփաքթ Հաբ Երեւանի» եւ ոլորտի մասնագետներից: Ժյուրիի քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել երեք թիմ` Bonel-ը, unmutED-ը եւ Zgayun Inclusive Books-ը, իսկ Minder-ը ճանաչվել է հաղթող համայնքային քվեարկության արդյունքներով։ Բոլոր չորս հաղթող թիմերին շնորհվել է €1500 համարժեք մրցանակ եւ Սլովենիայում կայանալիք «Social Impact Award 2025» ամենամյա գագաթնաժողովին մասնակցելու հնարավորություն: Սոցիալական ձեռնարկատիրությունը ԱրարատԲանկի ԿՍՊ ռազմավարության առանցքում է, եւ ծրագրերի շարունակականությունն ապահովելով, բանկը կարեւոր ներդրում է իրականացնում ինչպես երիտասարդ սերնդի նորարար գաղափարների զարգացման, այնպես էլ կարեւոր խնդիրներին երկարաժամկետ եւ կայուն լուծումներ տալու նպատակով։ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: