Կարեւորվել է օրենսդիր մարմնում գիտահետազոտական կարողությունների զարգացման առաջնահերթությունը

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ ճանաչողական շրջայցի շրջանակում մայիսի 29-ին ՀՀ ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչություն էին այցելել ԱՊՐԻ Արմենիա կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի ռազմավարության եւ զարգացման հարցերով փոխնախագահ Անահիտ Փիլիպպոսյանն ու ազգային հաղորդակցության հարցերով ղեկավար Գրետա Ավետիսյանը: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը: Այցի նպատակն է ծանոթանալ Ազգային ժողովի հետազոտական կենտրոնի գործունեությանն ու քննարկել համագործակցության զարգացման հնարավոր ուղիները: Մերի Գալստյանը նշել է, որ ժամանակակից աշխարհում դժվար է առանց գիտահետազոտական հիմքի, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություններով առաջնորդվելու փորձել ծավալել գործունեություն եւ առաջընթաց ունենալ: Ընդգծելով օրենսդիր մարմնում գիտահետազոտական կարողությունների զարգացման առաջնահերթությունները՝ հանձնաժողովի նախագահի տեղակալը կարեւորել է գործող կենտրոնների հետ համագործակցությունը: Հեղինե Խաչիկյանն ԱՊՐԻ Արմենիայի ներկայացուցիչներին է ներկայացրել Փորձագիտական եւ վերլուծական վարչության ներքո գործող օրենսդրական մոնիտորինգի ու տեղե
կատվության, պետաիրավական փորձաքննության, սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության եւ ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժինների գործառույթները, աշխատակարգը, կարողություններն ու առկա գործիքակազմը: Կարեւորելով վարչության գործունեությունը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը նշել է, որ այն աշխատակազմի գիտական կենտրոնն է, որտեղ իրականացնում են Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող Սահմանադրության փոփոխությունների, օրենքների, ԱԺ որոշումների, ուղերձների եւ հայտարարությունների նախագծերի մասնագիտական փորձաքննություն եւ համապատասխան եզրակացությունների պատրաստում, մասնագիտական փորձաքննության համար անհրաժեշտ նյութերի հավաքագրում, նախագծերի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրություն, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում տրամադրվում է մասնագիտական խորհրդատվություն: Անահիտ Փիլիպպոսյանը ներկայացրել է ԱՊՐԻ Արմենիայի առաքելությունը՝ փոխել Հայաստանի զարգացման հետագիծն առավել կայուն, ամուր եւ ժողովրդավար ապագայի ուղղությամբ: «Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտն անկախ վերլուծական կենտրոն է, որի նպատակն է նպաստել տարածաշրջանային կայունությանը, կայուն զարգացմանն ու քաղաքացիական ներգրավվածությանը»,- ասել է հետազոտական ինստիտուտի ռազմավարության եւ զարգացման հարցերով փոխնախագահը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դաշտը կարգավորող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների անհրաժեշտությանը, հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության առավել արդյունավետ իրականացմանը, արհեստական բանականության կիրարկմանը: Կարեւորելով համագործակցության անհրաժեշտությունը` պարբերաբար հանդիպելու, հետագա հարցերը քննարկելու, աշխատանքային հարթակներ ձեւավորելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: