Հակոբ Արշակյանը հանդիպել է Չեռնոգորիայի արտաքին եւ եվրոպական գործերի փոխվարչապետի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 1-ին հանդիպել է Չեռնոգորիայի արտաքին եւ եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի հետ: «Չեռնոգորիայի հետ բազմակողմ համագործակցության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից է»,- ողջունելով Ֆիլիպ Իվանովիչին՝ ասել է Հակոբ Արշակյանը: Երկկողմ հարաբերությունների շրջանակում ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ որպես կապերի ամրապնդման փոխադարձ հանձնառության ամուր ցուցիչ: Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ քաղաքացիական նախաձեռնությամբ խորհրդարան ներկայացված ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը հաջողությամբ անցել է բոլոր անհրաժեշտ ներքին ընթացակարգերը եւ երկրորդ ընթերցմամբ ընդունվել Ազգային ժողովի կողմից: Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ ԱԺ նախագահի տեղակալը խոսել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց, նրանց նկատմամբ իրականացվող կեղծ դատավարությունների մասին: Նա ներկայացրել է Կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: «Երկու երկրների կառավարությունների միջեւ համագործակցությունը զարգացնելու ցանկությունը մեծ է»,- ասել է Չեռնոգորիայի արտաքին եւ եվրոպական գործերի փոխվարչապետը: Նա նշել է, որ սա իր առաջին այցն է Հայաստան եւ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Ֆիլիպ Իվանովիչը ողջունել եւ շնորհավորել է հայ ժողովրդին ԵՄ-ին Հայաստանի անդամակց
ության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ: Չեռնոգորիայի արտաքին եւ եվրոպական գործերի փոխվարչապետը կարեւորել է բարեկամական խմբերի ակտիվ համագործակցությունն ու փոխադարձ այցերը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների ոլորտների զարգացման ներուժի եւ հեռանկարների, փոխհամագործակցության շուրջ: Կողմերն ընդգծել են, որ պետք է իրացվի երկու երկրների միջեւ համագործակցության առկա ներուժը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը: