Քննարկվել է Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով առողջապահության ոլորտում նախանշված բարեփոխումների կիրարկման ընթացքը

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի հետ: Հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանի տեղեկացմամբ գործադիր մարմնի պատասխանատուների հետ հանդիպումների նպատակն օրենսդիր մարմնի վերահսկողական գործառույթի իրականացումն է, համաձայնագրի վերաբերյալ հանրային իրազեկվածության եւ տեղեկացվածության բարձրացումը, ինչպես նաեւ համաձայնագրի կիրարկման գործընթացում առաջացած խնդիրների բարձրաձայնումը: Փոխնախարար Լենա Նանուշյանը ներկայացրել է համաձայնագրի համատեքստում իրականացված աշխատանքները: Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է խմելու ջրի որակին ներկայացվող, ԵՄ համապատասխան հրահանգին մոտարկված չափանիշները: Հրամանն ուժի մեջ է մտնելու 2027 թվականին: ԵՄ գործընկերների հետ համագործակցությունը ներառում է առողջապահության մի շարք ուղղություններ, այդ թվում` բժշկական ծառայությունների հասանելիություն, ծխախոտի դեմ պայքար եւ միջազգային առողջապահական կանոններ: Հատուկ ընդգծվել է հանրային իրազեկվածության բարձրացման կարեւորությունը. արդեն գործարկվել է «Անտիսմոկինգ» հավելվածը, որի միջոցով վերահսկվում է հանրային վայրերում ծ

խելու արգելքի կիրառումը: Համաձայնագրի թարմացված ճանապարհային քարտեզում ներառվել են առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման արդյունավետությանն ուղղված միջոցառումներ: Հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը հանրության առողջության պահպանման հարցում առանձնապես կարեւորել է քաղցկեղի դեմ պայքարն ու հիվանդության կանխարգելմանն ուղղված միջոցառումները՝ նշելով, որ հիվանդության տարածմանը, բացի ծխախոտից, նպաստում են աղտոտված օդը, ջուրը, հատկապես` ծանր արդյունաբերության հետեւանքով: Նման համայնքների բնակչության առողջությունը մշտապես մշտադիտարկման ենթակա է հիվանդությունների վաղ կանխարգելման նպատակով:



ԼՐԱՀՈՍ