«Ակտիվ քաղաքացի» հարթակը շատ լավ զարգանում է». քաղաքապետ Տիգրան Ավինյան

Երևանի բնակիչները շարունակում են «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով բարձրաձայնել քաղաքում առկա խնդիրների մասին: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը առաջարկել է երևանցիներին շարունակել գրանցվել հարթակում ու խնդիր տեսնելու դեպքում արձանագրումն անել հարթակի միջոցով: *** Երևանի բուսաբանական այգու տարածքում Արցախյան ազատամարտերում զոհված հերոսների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակ»-ի շինարարությունն ընթացքում է: Հանգստի գոտին կունենա արհեստական լճակ, կվերանորոգվեն կասկադային աստիճանահարթակները, կկառուցվի ճեմուղի ու հեծանվուղի: Անցկացվում է ոռոգման նոր համակարգ, կառուցվում՝ պոմպակայան, որոնք հնարավորություն կտան ապահովել ոչ միայն «Կյանքի պուրակ»-ի, այլև ամբողջ այգու բուսականության խնամքը: *** Հետագա քարաթափումներից խուսափելու և մոտակա տարածքի անվտանգությունն ապահովելու նպատակով Մատենադարանին հարակից թեք լանջում կատարվել են քարաթափման աշխատանքներ, ձեռնարկվել կանխարգելիչ միջոցառումներ: Ժայռոտ հատվածներում ցանցապատման մակերեսը շուրջ 1563 քմ է: Աշխատանքներն իրականացվել
են ընթացիկ տարվա ծրագրով: *** Երևանում մշակվել է օդի որակի բարելավման քառամյա ծրագիրը, որի նպատակն է նվազեցնել արտանետումներն աղտոտման հիմնական աղբյուրներից, բարելավել օդի որակի դիտարկման համակարգը։ Ծրագրում հաշվի են առնվել Երևանում օդի աղտոտման հիմնական աղբյուրները՝ շինարարություն, տրանսպորտ, հանքեր/բետոնահանգույցներ, ջեռուցում, աղբավայր և ներկայացվել են թիրախային գործողություններ՝ այդ աղտոտման աղբյուրներից արտանետումների նվազեցման, ինչպես նաև իրավիճակը բարելավելու միջոցառումներ (կանաչ ֆոնդի ավելացում, կանաչապատման մեջ մշտադալար բուսատեսակների ավելացում և այլն)։ Ծրագիրը կյանքի կոչելու համար նախաձեռնվում են օրենսդրական մի շարք փոփոխություններ: *** Անցած երեք շաբաթվա ընթացքում կազմակերպվել և իրականացվել է 13 ինքնակամ շինության քանդում: *** Աճառյան փողոցի վերջնամասից դեպի Աբովյանի ճանապարհային ոստիկանության հենակետ ձգվող ճանապարհահատվածը կապահովվի գիշերային լուսավորությամբ: Արտաքին լուսավորության ցանցի կառուցումը շարունակվում է: