Ծովինար Վարդանյանի ելույթը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում
Տաշքենդում Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ելույթ է ունեցել վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Ծովինար Վարդանյանը՝ նշելով. «Հարգելի՛ գործընկերներ, Ես ընդամենը երկու րոպե ունեմ ձեզ ներկայացնելու իմ քառասունհինգամյա կյանքը սոցիալական զարգացման համատեքստում: Որպես հակամարտություններից տուժած երկրում ծնված կին՝ ես միշտ ունեցել եմ խոր եւ անսասան երազանք, որ այս հակամարտությունը կավարտվի իմ կյանքի օրոք: Երբ մենք խոսում ենք սոցիալական զարգացման եւ արդարության մասին, պետք է գիտակցենք մի անհերքելի ճշմարտություն. առանց խաղաղության այս հասկացություններն անհասանելի են: Խաղաղությունն է մնացած բոլոր առաջընթացների հիմքը: Առանց դրա ոչ մի մնայուն բարիք չի կարող ստեղծվել: Սա է պատճառը, որ վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանը լուրջ բանակցություններ է վարում հարեւան Ադրբեջանի հետ՝ աշխատելով խաղաղության համաձայնագրի ուղղությամբ, որը, հուսով ենք, կբերի կայունություն, բարգավաճում եւ ավելի պայծառ ապագա մեր տարածաշրջանին: Երեք տարի շարունակ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը հնարավորություն ունեցան թղթին հանձնելու իրենց տեսլականն ու հույսերը՝ ձգտելով դեպի ապագա, որտեղ խաղաղ գոյակցությունը պարզապես երազանք չէ, այլ իրականություն: Այսօր այդ փաստաթուղթը փոխհամաձայնեցված է՝ պա
տրաստ ստորագրման, մեր ժողովրդի ու մեր տարածաշրջանի համար նոր էջ բացելու խոստումով: Հայաստանն առաջարկել է քննարկումներ անցկացնել փաստաթղթի ստորագրման հնարավոր վայրն ու ժամկետը պարզելու համար: Հարգելի՛ գործընկերներ, Այս պատմական փուլը հաջողությամբ ավարտին հասցնելու համար էական է, որ այս հարցը մշտապես լինի ձեր ուշադրության կենտրոնում: Ես այստեղ եմ՝ ձեր ուշադրությունը հրավիրելու այս հարցի վրա: Ես այստեղ եմ՝ տեսնելու իմ երազանքի իրականացումը: Շնորհակալություն»: